24.11.2024
ՀՀԿ-ն Հայաստանում դեֆոլտի սպառնալիք չի տեսնում
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայան. Ադրբեջանը պատրաստվում է երկարատև պատերազմի

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

«Համապատասխան ժամկետ է պետք, որ պատրաստվի: Ես ժամանակին ևս այդ մասին ասել եմ՝ գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում: Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատև, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել: Խնդիրն այն է, որ երբ նա գործարան է դնում, որ արկեր արտադրի կամ հրթիռներ արտադրի, դա խոսում է այն մասին, որ նա չի վստահում իր գործընկերներին, որոնք մատակարարում են, մտածելով, որ կարող է ինչ-որ մի փուլում իրենց չմատակարարեն: Եվ ինքը փորձում է, զենք գնելով՝ հրթիռային, արկային և այլ արտադրանքը, ինչը հետագայում պիտի մատակարարվի, իր մոտ արտադրի», - «Ազատությանը» տված հարցազրույցում այսօր հայտարարեց Սամվել Բաբայանը, - ասել է նա։

ԼՂ պաշտպանության նախկին նախարարը ընդգծել է՝ Ադրբեջանը այն երկիրը չէ, որ զենք արտադրի «աշխարհով մեկ առևտուր անելու համար»:
«Այսինքն, երբ նա նման քայլերով առաջ է գնում, նշանակում է՝ պատրաստվում է երկարատև պատերազմի: Սա իմ կարծիքն է: Ճիշտ չեմ համարում Սեյրան Օհանյանի փոփոխությունը», - ասել է Բաբայանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում պաշտպանության նախարարի փոփոխությունը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարվել Սեյրան Օհանյանից, ԼՂ պաշտպանության նախկին նախարարը պատասխանել է․

«Կոնկրետ չեմ կարող ասել ինչու հրաժարվեց, նման պատասխան չունեմ, տեղեկություն էլ չունեմ: Ես ճիշտ չեմ համարել Սեյրան Օհանյանի փոփոխությունը այս փուլում: Ես գտնում եմ, որ եղած ռազմական թիմի մեջ ավելի գրագետ․․․ ավելի շատ իրեն եմ ընդունել, քան մնացածին: Կապ չունի՝ անձնական հարաբերություն, կամ ինչ»:

Հարցին՝ արդյո՞ք Օհանյանի պաշտոնանկությունը կապ ունի ապրիլյան քառօրյա պատերազմի և այդ առիթով բանակի հասցեին հնչած քննադատության հետ, Սամվել Բաբայանը պատասխանել է․

«Չեմ գտնում: Եթե նման կապ լիներ, հենց սկզբից էլ կփոխեր՝ այն երեք գեներալի հետ: Կարող է՝ ներքին, ռազմավարական, տակտիկական բան է փոխվում իր կառավարման մեջ՝ ավելի շատ նախագահն ինքն է զբաղվելու այդ գործով»:

Անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի նշանակմանը պաշտպանության նախարարի պաշտոնում և իշխանությունների պնդումներին, թե քաղաքակիրթ աշխարհում ընդունված է քաղաքացիական անձի նշանակել պաշտպանության նախարար և Հայաստանում մենք նույնպես պետք է այդ ճանապարհով գնանք, նա ասել է.

«Առաջինը՝ ես Վիգեն Սարգսյանին չեմ ճանաչում, չեմ կարող իր մասին կարծիք ասել: Ինչ մնում է քաղաքացիական պաշտոնին՝ այսօր Հայաստանը պատերազմական վիճակում է: Դա կարող են իրենց թույլ տալ, ասենք՝ Ֆրանսիան, Գերմանիան, եվրոպական երկրները, բայց Հայաստանը՝ չեմ գտնում, որ այսօր ճիշտ պահն էր քաղաքացիականի նշանակելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: