26.11.2024
Սերժ Սարգսյանը վերադասավորումներ է արել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Կառուցվածքային փոփոխությունները լոկ անվանափոխության խնդիր չեն լուծում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները, հնարավոր մարտահրավերները և լուծման ուղիները։

Կառավարության ղեկավարը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և զարգացման ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը և գիտությանը, բանկային համակարգին և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետին են ներկայացվել բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

Վարչապետը նշել է, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ և այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին: Վարչապետի խոսքով՝ այդ փոփոխությունները լոկ անվանափոխության խնդիր չեն լուծում, այլև ենթադրում են լուրջ բովանդակություն և նպատակային գործառույթներ:

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ, օրինակ, Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է գործարարներին օժանդակություն ցուցաբերող պետական այն օղակը, որը քննարկելու է նրանց կողմից բարձրացված խնդիրները և աջակցելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը:

Վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության դերը՝ որպես յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմք և շեշտել, որ նոր կառավարությունը լրացուցիչ թափ է հաղորդելու կրթական համակարգի բարեփոխումներին:

Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է Հանրային խորհրդի անդամներին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և ծրագրեր՝ տեսանելի արդյունքների գնահատմամբ: