26.11.2024
ՌԴ ԶՈւ պատվիրակությունը կայցելի Հայաստան
prev Նախորդ նորություն

ՀՔԾ. ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբին օժանդակել են ևս 18 անձինք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձինք: Պարզվել է, որ վերջիններս զինված են եղել ապօրինաբար ձեռք բերված 14 ինքնաձիգներով և այլ զենք-զինամթերքով: Գնդի տարածքում գտնվող զինված խմբին օժանդակել են ևս 18 անձինք, ովքեր տարբեր եղանակներով փորձել են շրջանցել իրավապահ մարմինների պատնեշը, միանալ զինված խմբին, ինչպես նաև գնդի տարածքից դուրս տարբեր միջոցներով աջակցել զինված խմբի գործողություններին՝ պատանդներին և զավթված շինությունները պահելուն:

Օժանդակողներից Արթուր Սարգսյանին 2016 թվականի հուլիսի 26-ին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և միանալ զինված խմբի անդամներին: Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը, այնպես էլ պատանդառված բուժ աշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ:

Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժ սարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը: Օժանդակողներից 15-ը կալանավորված են: Երեքի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են ՊՊԾ գունդը զավթած զինյալների կողմից ոստիկանության 3 ծառայողներին՝ Ա. Վանոյանին, Յու. Տեփանոսյանին, Գ. Մկրտչյանին, ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքները պարզելու, սպանությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցանքները կատարելու համար վերջիններիս որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով բավարար ապացույցների համակցություն ձեռք բերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է նաև ՀՀ ոստիկանության 10 աշխատակիցների (այդ թվում երկու բարձրաստիճան պաշտոնյաների և 7 քաղաքացիական անձանց պատանդառման, ոստիկանության 7 ծառայողների տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ պատճառելու, ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲ ընկերության բանկոմատը կոտրելու և դրանում առկա առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 14 մլն ՀՀ դրամ գումարը հափշտակելու, ՊՊԾ գնդի տարածքում պահվող զենք-զինամթերքը, գնդի ծառայողների և քաղաքացիական անձի անձնական գույքն ու գումարները հափշտակելու, ինչպես գնդին պատկանող ոստիկանական, այնպես էլ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաները, այլ գույք հրկիզելու և դիտավորությամբ վնասելու հանգամանքները պարզելու, այդ հանցագործությունները կատարելու մեջ զինված անձանցից յուրաքանչյուրի մասնակցությունը բացահայտելու և հիմնավորելու ուղղությամբ:

Քննությամբ պարզվել է, որ սույն թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի Թաղ թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցներով վիրավորվել ու կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի հրաձիգ Փ. Մնացականյանի առողջությանը, հրազենային վնասվածքներ են պատճառվել նաև ոստիկանության ծառայող Տ. Գևորգյանին, ինչպես նաև դիտավորությամբ վնասվել են ոստիկանության մի շարք տրանսպորտային միջոցներ:

Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի վերաբերյալ պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: