26.11.2024
Հոկտեմբերին Թեհրանում կանցկացվի «Հայաստան Էքսպո»
prev Նախորդ նորություն

Զաքարյան. Հայաստանը գնահատում է Լեռնային Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը

Հայաստանը գնահատում է Լեռնային Ղարաբաղի հարցում ՆԱՏՕ-ի զուսպ դիրքորոշումը: Այս մասին Երևանում ընթացող «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Պատգամավորի խոսքով` Հայաստանի համար ընդունելի չեն Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի հռչակագրերն արհեստական կերպով խնդրի քննարկման հարթակ դարձնելու փորձերը կամ ՆԱՏՕ-ին այս հակամարտության կարգավորման հարցի մեջ ներքաշելը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը»,– շեշտեց նա:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ ՀՀ համագործակցությանը, Զաքարյանը նշեց, որ երկիրը որդեգրել է բազմավեկտոր քաղաքականություն և լինելով ՀԱՊԿ լիիրավ անդամ նաև խթանում է ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ կարևորելով անդամ պետությունների հետ նաև երկկողմ ձևաչափերը:

«Ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգ և կայուն զարգացման հիմնական նախադրյալներից մեկը: ԵՄ և եվրատլանտյան կառույցների հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է»,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը: