VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում Սևանում ում է առաջադրելու որպես քաղաքապետի թեկնածու: Երեկվա դրությամբ առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից երկուսը ՀՀԿ անդամ են։ Խոսքը Սևանի նախկին քաղաքապետեր
Գևորգ Մալխասյանի ու
Աշոտ Ալեքսանյանի մասին է: Գործող քաղաքապետ
Ռուդիկ Ղուկասյանը դեռ չէր առաջադրվել՝ հավանաբար սպասելով ՀՀԿ-ի որոշմանը, որը կկայացվի այսօր։ Մենք փորձեցինք ՀՀԿ-ից պարզել, թե Սևանում ի վերջո ո՞ւմ են առաջադրելու։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանն ասաց, որ այդ հարցին այսօր կպատասխանի։ Այսօր ժամը 6-ին ավարտվում են առաջադրումները։ Սևանից ստացած մեր տեղեկությունների համաձայն, նախկին քաղաքապետերը առաջադրվել են՝ այդ քայլը ՀՀԿ-ի հետ առանց համաձայնեցնելու։ Եվ հիմա կուսակցությունում չեն կողմնորոշվում, թե ում թեկնածությունը սատարեն։ Երեքն էլ ՀՀԿ-ի համար որոշակի նշանակություն ունեն իրենց կողմնակիցներով ու որոշակի ազդեցությամբ։ Եվ ՀՀԿ-ն չի ցանկանում նեղացնել նրանցից որևէ մեկին։ Ամեն դեպքում, մեր տեղեկություններով, այս ցանկում որոշակի առավելություն ունի գործող քաղաքապետը։ Բայց քննարկվում է նաև որևէ մեկին չպաշտպանելու տարբերակը, որ երեքը մրցակցեն ու հաղթողը դառնա քաղաքապետ։ Ի դեպ, Սևանում ՀՅԴ-ն էլ է քաղաքապետի թեկնածու առաջադրել
Արտակ Վարդանյանին, կան նաև ինքնաառաջադրված երկու անկուսակցական թեկնածուներ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն երեկ ամփոփել է այս տարվա ութ ամիսներին հարկային մուտքերի ցուցանիշը: ՊԵԿ-ի հաղորդագրությունում նշված է. «2016թ.-ի օգոստոս ամսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2016թ.-ի ութ ամիսների արդյունքներով պետական բյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 692 մլրդ դրամի դիմաց»: Այսինքն՝ նախորդ տարվանից ավել են հավաքել ընդամենը 2,3 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ աճը կազմում է 0,3 տոկոս: Սա այն դեպքում, երբ աճը պետք է առնվազն 5 տոկոս լիներ, ավելի քան 34 միլիարդ դրամ կազմեր, որպեսզի պետբյուջեի պլանը կատարվեր: Բայց որպեսզի իրենց չմեղադրեն, ՊԵԿ-ը «թաքուն» մատնացույց է արել, թե ով է մեղավոր բյուջեի թերակատարման համար: «Ընդ որում, այս ցուցանիշը 3 մլրդ դրամով ավելի կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ս.թ. նույն ժամանակահատվածի հարկային եկամուտների ավելի քան 3 մլրդ դրամ նվազումը»,- նշված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում: ՀՀ ֆինանսների նախարարության հակահարվածը, կարծում ենք, չի ուշանա, բայց պետք է խոստովանել, որ ՊԵԿ-ն այդքան էլ ազնիվ չէ: Ինչո՞ւ, որովհետեւ օգոստոսին 93 մլրդ դրամի հարկերն անցած տարվա նույն ամսվա ցուցանիշից պակաս են 7 մլրդ-ով: Այսինքն՝ եթե տարեսկզբի 3 մլրդ-ի, հուլիսի 1,5 մլրդ-ի եւ օգոստոսի թերակատարումները չլինեին, ապա բյուջեի մուտքերը 11,5 մլրդ-ով ավել կլինեին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանն այլեւս այնպիսի երկիր է, որտեղ սեփական քաղաքացին իր երկրում դիտարկվում է որպես զբոսաշրջիկ: Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ է, քան մեր երկիր եկած օտարերկրացիներինը: Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ»-ը տեղեկանում է, որ այս տարվա առաջին կեսին Հայաստան է ժամանել 501 հազար 118 զբոսաշրջիկ: Սա այն դեպքում, երբ, կրկին ըստ պաշտոնական տվյալների, նույն այդ վեց ամիսներին Հայաստան եկած օտարեկրացիների թիվը կազմել է 499 հազար 980 մարդ: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիների մի մասը եւս պաշտոնական վիճակագրության տեսանկյունից Հայաստանում որպես զբոսաշրջիկ է դիտարկվում: Մեթոդաբանության տեսանկյունից այս երեւույթն, իհարկե, ունի իր բացատրությունը, սակայն առավել կարեւոր է այն փաստը, որ բուն պատճառն անընդհատ շարունակվող արտագաղթն է, քանի որ ՀՀ քաղաքացու համար Հայաստանն այլեւս մշտական բնակության երկիր չէ»: