22.11.2024
Հայաստանը կողմնակից է եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը. Հովիկ Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Իշխանության vs «Բարգավաճ Հայաստան». նախազգուշացում և մեղադրանք

«Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու միջադեպը ստանում է քաղաքական երանգ: Եթե մինչ այս ԲՀԿ պատգամավորները միայն ակնարկում էին միջադեպի և երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունների միջև կապի մասին, ապա «Բարգավաճ Հայաստանի» քաղխորհրդի հայտարարության մեջ իրավիճակի հիմնական պատասխանատու և մեղավոր է «ճանաչվում» իշխանությունը:

Քաղաքական ուժի հայտարարությանը բավական կոշտ է արձագանքել Հայաստանի վարչապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցութունը (ՀՀԿ) էլ ավելի վաղ քննարդատել էր բռնությունների կիրառումը՝ միևնույն ժամանակ հորդորելով միջադեպը չքաղաքականացնել: «Մենք այստեղ քաղաքական ենթատեքստ չենք տեսնում, որ անենք քաղաքական հայտարարթյուններ», - նշել էր ՀՀԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Արտակ Խաչատրյանի առևանգումը և ծեծը, ինչի հատկանիշներով արդեն հարուցված է քրեական գործ, «Բարգավաճ Հայաստանը» գնահատում է, որպես «քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի եւ ցինիկ մարտահրավեր»: Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն, ըստ ԲՀԿ-ի, ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա: «Երկրում ստեղծված գանգստերական մթնոլորտի և ամենաթողության հիմնական մեղավորը համարում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությանը, ովքեր կրում են նաև անձնական պատասխանատվություն այս ամենի համար», - նշված է հայտատարության մեջ:

Հայտարարության մյուս հատվածում բացվում են «փակագծերը» և դեպքի հետ կապված ուղղակի մեղադրանք հնչեցվում իշխանության հասցեին: «Երկրում կուտակված խնդիրները լուծելու, պետության և ժողովրդի առջեւ ծառացած ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, երկրում ներքին համերաշխության մթնոլորտ ապահովելու փոխարեն քաղաքական իշխանությունն ընտրում է դարանակալած առևանգման, թիկունքից հարվածելու, ծեծի թուլամորթ գործելաոճը», - ասվում է հայտարարությունում:

Պահանջելով իրավապահ մարմիններից ամենասեղմ ժամկետներում բացահայտել այս և վերջին շրջանի բոլոր «պատվիրված հարձակումները» քաղաքական, հասարակական գործիչների եւ ակտիվիստների վրա, ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդը տեղեկացնում է, որ կարող է նախաձեռնել «համաժողովրդական ընդվզում»:

«Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից մենք ստացել ենք ԲՀԿ կառույցների, համաժողովրդական շարժման գրասենյակների և բազմաթիվ քաղաքացիների առաջարկները՝ Հայաստանի տարբեր ծայրերից անմիջապես տասնյակ հազարներով շարժվել դեպի Երևան: ԲՀԿ քաղխորհուրդն այս պահին խնդրում է ձեռնպահ մնալ նման քայլերից: Միևնույն ժամանակ մենք կոչ ենք անում գրասենյակների ներկայացուցիչներին և մեր ակտիվիստներին՝ կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ ժողովրդի մեջ, համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար», - նշված է հայտարարության տեքստում:

Թող որեւէ մեկի մտքով չանցնի, զգուշացնում է ԲՀԿ-ն, որ Արտակ Խաչատրյանի և մյուս քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ բռնությունները մնալու են անպատիժ: «Պատժվելու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները: Եթե դա չի անում իրավապահ համակարգը, ապա դա անելու է ժողովուրդը (չի մանրամասնվում, թե ինչ ի նկատի ունեն ժողովորդ ասելով): Ակնհայտ է, որ իշխանությունները կորցնում են իրականության զգացումը և առաջնորդվում են բացառապես հոգեվարքային քայլերով», - հայտարարում է քաղաքական ուժը՝ միևնույն ժամանակ առաջարկելով մյուս խմբակցություններին քննարկել Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը ու սկսել անհապաղ խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով ԲՆՀ քաղաքական խորհրդի հայտարարությանը, tert.am-ի հետ զրույցում որակել է այն «շտապողական, անպատասխանատու կոպիտ սխալ»: Դատապարտելով բռնությունները և ակնկալելով իրավապահներից արդյունավետ ու համակողմանի աշխատանք՝ Աբրահամյանը նշել է, որ ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը համարում է շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է:

«Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա», - հայտարարել է Աբրահամյանը: