
Մենք պետություն ենք կորցնում ու Գյումրիի ընտրություններն այլևս միայն Գյումրիի մասին չեն
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը.
16.03.2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական իշխանության պահպանման, ևս մեկ անգամ բացահայտեց իր քաղաքական անկարողության, ռազմավարական կարճատեսության և կապիտուլյացիայի ապշեցուցիչ պատրաստակամության ամբողջ չափը նրանում, ինչը կարելի է միայն որակել որպես ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգական նադիր (ծայրահեղ անկման շրջան)։
Նրա վերջին հայտարարությունը, որը ներկայացնում է Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտը, չպետք է շփոթել դիվանագիտական ձեռքբերման հետ։ Դա, ըստ էության, ամենահստակ խոստովանությունն է, որ Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ ամբողջությամբ զիջել է հայկական ազգային շահը։
Եկեք սկսենք բացահայտ, աններելի բացթողումներից, որոնք այս խայտառակության հիմքն են: Ինչպես հաղորդվել է, համաձայնագրում չի նշվում Հայաստանի ինքնիշխան, սակայն այժմ օկուպացված տարածքներից Ադրբեջանի դուրս գալու մասին: Այն ոչինչ չի ասում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման մասին, ոչ էլ ընդունում է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայ բնակչության ծանր վիճակը կամ հաստատում նրանց վերադարձի իրավունքը։ Սրանք զուտ անտեսումներ չեն, դրանք դիտավորյալ բացառումներ են, ինչը հավասարազոր է ազգային հիմնարար մտահոգություններից հրաժարմանը:
Փաշինյանն այս խլացուցիչ լռությունն արդարացնելու նույնիսկ նվազագույն փորձ չի անում: Հակամարտության բուն էությունը մի կողմ է դրված, կարծես այն անկարևոր է:
Փաշինյանի հայտարարությունների համաձայն՝ Հայաստանը երկու վերջնական զիջման գնաց, և այժմ համաձայնագիրը «պատրաստ է ստորագրման»։
Բայց ո՞ւմ համար է պատրաստ: Պատրաստ է, գուցե, Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հասել է տարածքային ու քաղաքական շոշափելի ձեռքբերումների ռազմական ագրեսիայի ու դիվանագիտական ճնշման միջոցով։ Այն, ինչ ձեռք է բերվում այս գործարքով, խաղաղություն չէ, դա Հայաստանի՝ ենթակայության մեջ ընկնելու պաշտոնական ծածկագրումն է։ Այն պարգևատրում է ուժի կիրառման համար, օրինականացնում է պատերազմական ավարը և Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերվում է որպես ադրբեջանական պահանջների ցանկի սակարկելի կետ:
Եվ այնուհանդերձ, նույնիսկ ինքնանվաստացման այս ակտը կարող է վերջնականություն չբերել: Այժմ հնարավոր է երկու սցենար, որոնցից յուրաքանչյուրն ավելի մութ է, քան նախորդը: Առաջինի դեպքում Ադրբեջանը, ունենալով հայկական գրավոր զիջումներ, կարող է ընդհանրապես չստորագրել փաստաթուղթը: Փոխարենը, նա կարող է նախընտրել սպասել՝ վստահ լինելով, որ Հայաստանը միակողմանիորեն կիրականացնի համաձայնեցված միջոցառումները, ինչպիսիք են Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:
Երկրորդ սցենարով Ադրբեջանը կարող է արարողակարգային մակարդակով ստորագրել փաստաթուղթը, բայց հետաձգել վավերացումը խորհրդարանում, ինչպես Թուրքիան արեց 2010-ին հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների դեպքում: Այս մարտավարությունը Բաքվին թույլ կտա շարունակել ճնշում գործադրել՝ հայկական հետագա զիջումներ կորզելով «չկատարված պարտավորությունների» պատրվակով: Այդ ցավալի դրվագը (հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված-խմբ.) պետք է մշտապես դաջվեր հայկական դիվանագիտության հիշողության մեջ։ Փոխարենը Փաշինյանի օրոք մենք ականատես ենք լինում այդ նվաստացման գրեթե ճշգրիտ վերարտադրությանը։ Հերթական անգամ Հայաստանը մեծ զիջումներ է առաջարկում սկզբում, մինչդեռ իր գործընկերն իրեն իրավունք է վերապահում հետաձգել իրականացումը, պահանջել ավելին և, ի վերջո, հեռանալ, եթե հայկական կողմից դիմադրություն առաջանա:
Անկախ նրանից, թե որ ուղին կընտրի Ադրբեջանը, արդյունքը նույնն է՝ հայկական արժանապատվության, ինքնիշխանության և անվտանգության շարունակական քայքայում: Առավել տագնապալի տարրերից է օտարերկրյա ճնշումների ներքո սահմանադրական փոփոխությունների հեռանկարը, մի գործողություն, որը մոտ է քաղաքական ինքնաոչնչացմանը: Դա ոչ այլ ինչ է, քան ազգային ինքնասպանություն: Հենց այն միտքը, որ Հայաստանը կարող է վերաշարադրել իր հիմնարար օրենքները՝ ագրեսոր պետության նախապայմանները բավարարելու համար, ժամանակակից պատմության ամենավատ հետկոնֆլիկտային հաշտեցման աղետների մռայլ արձագանքն է:
Եթե այս համաձայնագիրը ստորագրվի, այն չի ազդարարի խաղաղության նոր դարաշրջանի արշալույսը: Ավելի շուտ, կազդարարի Լեռնային Ղարաբաղի երկար ու ողբերգական պատմության հայկական գլխի պաշտոնական ավարտը։ Սա երկխոսության և հաշտեցման միջոցով ձեռք բերված խաղաղություն չէ. դա խաղաղություն է, որն իրականացվում է հարկադրանքի, անհավասարակշռության և ռազմավարական վակուումի միջոցով: Այն կստորագրվի ոչ թե արժանապատվորեն, այլ հրաժարումով, գուցե նույնիսկ հուսահատությամբ:
Եվ թող պատրանք չլինի. Ադրբեջանը դա հիանալի հասկանում է։ Նրանք գիտեն, որ պայմագիրը չեն կնքում հայ ազգի հետ: Նրանք պայմանագիր են կնքում Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական լոյալիստների նեղ շրջանակի հետ, որոնց գերակա մտահոգությունը ոչ թե ազգային ամբողջականությունն է, այլ անձնական գոյատևումը։ Այսքան քչի համար այսքան շատ բան զիջելով՝ Փաշինյանը կարող է ապահովել ստորագրություն, բայց ո՛չ խաղաղություն, ո՛չ անվտանգություն և, իհարկե, ո՛չ պատմության ներում»:
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը.
16.03.2025Տաթևիկ Հայրապետյանն է գրում:
14.03.2025Տիգրան Աբրահամյանն է գրում:
14.03.2025