4.07.2026

ՄԱԿ զեկույցն էլ Ադրբեջանի պայմանները հնարավորինս շուտ ընդունելուն է ուղղված

ՄԱԿ զեկույց է հրապարակել, որում Հայաստանը կարծես թե աաջընթաց է արձանագրել կայուն զարգացման ցուցիչի առումով եւ գերազանցում է նույնիսկ Վրաստանին ու Ադրբեջանին: Չգիտեմ ինչպիսին է պատկերը Վրաստանում ու Ադրբեջանում՝ իրական գետնի վրա, բայց Հայաստանում կայուն զարգացման մասին խոսել հնարավոր է թերեւս միայն ՄԱԿ «ստանդարտներով», բայց ոչ գետնի վրա եղած պատկերով:


Համենայն դեպս, կայուն զարգացման հարցում առաջընթաց գրանցող երկրում թերեւս պետք է օրինակ արտացոլվի այդ երկրի հանդեպ արտաքին ներդրումային հետաքրքրություն: Հայաստանի պարագայում, ի դեպ՝ ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, արտացոլվում է արտաքին ներդրողների հետաքրքրության գրեթե իսպառ բացակայություն:


Մինչդեռ, ինչպես ասել եմ բազմիցս, պետության կայուն զարգացման ամենազգայուն ցուցիչներից մեկը հենց դա է, թե ինչպիսին է ներդրումային գրավչության գործնական դրսեւորումը, այլ ոչ թե տարատեսակ զեկույցային-չափորոշիչային:


Որովհետեւ, նաեւ հասկանալի է, թե ինչն է միջազգային այդ զեկույցների մոտիվը: Ըստ էության այն, ինչը մոտիվացնում էր նաեւ միջազգային դերակատարներին իրենց անմիջական աջակցությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանի ընտրությանը, փաստացի ակնհայտորեն միջամտելով Հայաստանի ներքին գործերին:


Միջազգային այդ զեկույցները, ըստ էության այն խրախուսանքի շարքից են, որ մենք լսում ենք նաեւ օրինակ ԵՄ պաշտոնյաների շուրթեից, եւ որոնց գինը՝ Ադրբեջանի պայմանները հնարավորինս շուտ ընդունելն ու աշխարհաքաղաքական համարժեք սխեմաները կյանքի կոչելն է:


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան


 


 

Թեմայի այլ նորություններ