17.04.2026

«Ֆրանսիական ապոլոգետիկայի» թակարդը

Պարեկություն տեղեկատվական դաշտում, սոցցանցերում: Բավական է, որ մեկը հանկարծ կասկածի տակ դնի հայ-ֆրանսիական հարաբերության իրական բովանդակությունն ու արդյունավետությունը, հանկարծ «քննության» ենթարկի այն, անմիջապես անցնում են գործի եւ այդ մեկին ներկայացնում իբրեւ ռուսական պատվերով հայ-ֆրանսիական հարաբերությունը վարկաբեկող:


Դե, ստանդարտ մեթոդաբանություն է, որը ներկայումս անշեղ կիրառական է ամբողջ Եվրամիությունում: Դե, Եվրամիությունում դրա կիրառումը իրենց գործն է: Ռուսաստանի հետ դե ֆակտո պատերազմի մեջ են, տեղեկատվական պատերազմ է, Մոսկվան ցանկացած այլ ինֆորմացիա դիտարկում է օրինակ եվրոպական «պատվեր», եվրոպացիներն էլ իրենց նարատիվից դուրս այլ ինֆորմացիա դիտարկում են Կրեմլի «մատ»:


Ինձ համար հարցը միշտ Հայաստանն է, եւ Հայաստանի համար անցանկալի ու անգամ վտանգավոր է ցանկացած իռացիոնալ ու ինքնանպատակ ապոլոգետիկա: Եվ այստեղ ես բծախնդիր եմ հատկապես Ֆրանսիայի հետ հարաբերության հարցում, որովհետեւ այդ իմաստով Ֆրանսիան համարում եմ Հայաստանի համար առանձնահատուկ ուղղություն: Եվ ես սրա մասին խոսել եմ տարիներ շարունակ: Ֆրանսիան օրինակ առանձնահատուկ ուղղություն եմ համարում ոչ միայն իբրեւ համաշխարհային քաղաքականության դերակատար, ոչ միայն իբրեւ մշակութային եւ քաղաքակրթական առաջատար՝ չնայած ներկայումս մեղմ ասած տարակուսելի հանգամանքներին:


Ֆրանսիան առանձնահատուկ եմ համարում նաեւ այնտեղ հայկական համայնքի ինստիտուցիոնալ ներկայությամբ, դրա բավականին խորը եւ արդյունավետ հետագծով: Ֆրանսիայի հայ համայնքը բացառիկ ու առանձնահատուկ է թերեւս նրանով, որ եղել է շատ կազմակերպված, ինստիտուցիոնալացված, եւ ինչ առավելագույնս կարեւոր է՝ մի կողմից չափազանց հայկական, մյուս կողմից նաեւ Ֆրանսիայի ներքին կյանքինչափազանց ինտեգրված:


Եվ վերջին մի քանի տարիներին, ցավալիորեն, Հայաստանի իշխանությունը գնացել է այդ ինստիտուցիոնալացմանը հասցվող հարվածների ճանապարհով, նվազագույնը՝ իր քաղաքական կոնյուկտուրային հարցերով պայմանավորված, եթե չփորձեմ դիտարկել ավելի խորքային պատճառ կամ պատճառներ, որոնց այս պահին ադրադառնալը կարող է դիտվել «կոնսպիրոլոգիա»:


Եվ, մինչդեռ, այդ ամենով հանդերձ, հարեւան Ադրբեջանը Ֆրանսիայում ըստ էության «ադրբեջանական սփյուռք» է ձեւավորում, եւ բավականին մեծ ու լայն տեմպերով նաեւ ինստիտուցիոնալացնելով այն:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Թեմայի այլ նորություններ