3.04.2026

Արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիա

Եկեղեցու աղմկահարույց միջադեպն ու պատանու նկատմամբ դատավճիռ-հաշվեհարդարը ի ցույց է դնում մեր հասարակական կյանքը պատած խոշորագույն խնդիրը՝ արժեհամակարգային ու բարոյական դեգրադացիան, բարոյական ու արժեքային նշաձողերի հետեւողական քայքայման քաղաքականությունը եւ ազդեցությունը միաժամանակ:


Ես քանիցս խոսել եմ այս մասին, նշելով, որ դրա խորքային նպատակն է հետապնդում նաեւ այն նվաստացումը, որին Ադրբեջանը ենթարկում է Հայաստանի կառավարող վերնախավին, պարտադրելով «մեղա գալ» մինչեւ 2020-21 թվականները իրենց հռետորաբանության, հայտարարությունների, քայլերի, լուսանկարների համար, պարտադրելով մեղա գալ Արցախ բառի յուրաքանչյուր տառի համար:


Որեւէ մեկին թող չթվա, թե դա լոկ քաղաքականություն է: Հայաստանի վերնախավին պարտադրելով այդ վարքագիծը, Ադրբեջանը անուղղակկիորեն պարտադրում է բարոյական եւ արժեհամակարգային նշաձողերի քայքայում՝ հանրային ընկալումներում: Դրսեւորելով այդպիսի վարքագիծ եւ «հիմնավորելով» այն իբրեւ թե «խաղաղությամբ», Հայաստանի իշխանությունը ըստ էության հանրությանը «հիմնավորում» է անսահմանափակ անպատասխանատվությամբ անբարոյության մի յուրօրինակ «կոնցեպտ», այն դարձնելով հանրային նորմ:


Սա է, որ Հայաստանում նաեւ հրամայական է դարձնում փոփոխությունը, եւ այդ փոփոխության հեռանկարի հարցում հրամայական է դարձնում հենց հատկապես արժեքային ու բարոյական նշաձողերի վերականգնումը, որպես հասարակական-պետական ընթացքի կայուն վերականգնման անբեկանելի հիմք:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան