20.03.2026

Արտաքին իմիջը՝ ներքին արգելքների միջոցով

Ի՞նչ է մտածելու օրինակ Վրաստանի իշխանությունը, տեսնելով, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է կամայականորեն արգելում Ամենայն Հայոց Կաթողիկոսին գնալ Վրաստան եւ մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը:


Իսկ, որ արգելում է Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե դատարանը, այստեղ կարծում եմ կասկած չունի որեւէ ողջախոհ մարդ:


Ուրեմն, ի՞նչ է մտածելու այդ մասին Վրաստանի իշխանությունը: Չեմ ասում, թե Թբիլիսին չունի մտածելու այլ բան եւ պետք է մտածի հենց դրա վերաբերյալ: Պարզապես, աներկբա է, որ հետաքրքրվելու են, եւ հետեւաբար ձեւավորվելու է որեւէ լռելյայն դիրքորոշում:


Ինչպիսի՞ն կլինի այն: Կմտածեն, թե Նիկոլ Փաշինյանը շատ «ուժեղ տղա՞» է, թե՞ հակառակը՝ գնահատելու են, թե իրականում որքան նեղմիտ մարդ է Փաշինյանը: Ամբողջ հարցն այն է, որ այդպիսի ներքին դրվագները եւս մեծ նշանակություն ունեն պետության ղեկավարների արտաքին իմիջի, արտաքին ընկալումների համար: Մարդը չի կարող նեղմիտ լինել ներսում, եւ լայնախոհ՝ դրսում:


Իսկ հաշվի առնելով այն, որ Վրաստանը ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Հայաստանի համար ստանում է առանձնահհատուկ նշանակություն, թեեւ այդպիսին եղել է իհարկե միշտ, չափազանց կարեւոր է, թե Հայաստանի իշխանությունը պարզապես հենց իր նկարագրային իմաստով ինչպիսի ընկալման կարժանանա Վրաստանի իշխանության մոտ:


Անկասկած է, որ Թբիլիսին ունի «դիրքային» առավելություն, շատ հասկանալի պատճառներով: Ու այստեղ է, որ հարաբերությունների ու հնարավոր քննարկումների բալանսավորվածության համար մեծ նշանակություն է ստանում հենց անձնական մակարդակում ընկալումների հարցը, վերաբերմունքի հարցը: Եվ սա ամենեւին կենացներով կամ «ուդառնիկ» նվագելով չափվող հարց չէ: Այդ ամենը պարզունակ անտուրաժ է: Գործնականում՝ ընկալումները թելադրվում, բխում են վարքագծային ավելի խորը ուրվագծերից, որ արտահայտվում են թերեւս ավելի շատ հենց ներքին կյանքում տվյալ իշխանության վարքագծից:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Թեմայի այլ նորություններ