25.12.2025

Իսրայելի դեսպանն ինքը կարող է Գևորգ Պապոյանին TRIPP-ի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել

Տեղեկություն է տարածվել, թե էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոել Լիոնին է ներկայացրել Թրամփի ուղու ծրագրի մանրամասներ:


Կարծում եմ, որ Իսրայելի դեսպանն ինքը կարող է Գեւորգ Պապոյանին, եւ թերեւս Հայաստանի կառավարության ցանկացած նախարարի կամ ԱԺ մեծամասնության պատգամավորի ներկայացնել այդ ծրագրի վերաբերյալ մանրամասներ: Դրա թերեւս խոսուն ապացույցը Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի վերջերս հնչեցրած գնահատականն է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի «վրայով անցան բուլդոզերով»:


Իսրայելի դեսպանը, ըստ ամենայնի, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման եկել է այլ մանրամասների համար, կապված մասնավորապես այն հայտարարության հետ, որ հնչեց օրեր առաջ Իրանից՝ այդ երկրի Գերագույն հոգեւոր առաջնորդի արտաքին հարաբերությունների հարցերի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթիի շուրթերով, Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը:


Հիշեցնեմ, որ Վիլայաթին հայտարարել էր, թե Իրանը չի տեսնում որեւէ տարբերություն Թրամպի ուղու եւ այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի միջեւ եւ հետեւաբար կտրականապես դեմ է այդ ծրագրի իրականացմանը: Կարծում եմ, որ այս հայտարարությունը, եւ դրան թերեւս Երեւանը ըստ էության որեւէ արձագանքի բացակայությունն է, որ Իսրայելի դեսպանին տարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն: