6.08.2025

Ամերիկյան առաջարկներ․ նոր իրականություն Հարավային Կովկասում

Այս ուրբաթ օրը, սպասվում է, որ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հուշագիր։ Թեև այս փաստաթուղթը անվանում են «նախնական փաստաթուղթ», բայց էությունը մնում է նույնը․ խոսքը վերաբերում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխությանը:


Փաստ №1. ԱՄՆ-ն՝ գլխավոր միջնորդ


ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը որպես հայ-ադրբեջանական կարգավորման հիմնական մոդերատոր։ Աբու Դաբիի հանդիպումը ընդամենը սկիզբն էր, իսկ Վաշինգտոնը դառնում է այն կենտրոնը, որտեղ որոշվում է տարածաշրջանի ապագան։


Փաստ №2. ԱՄՆ-ի տարածաշրջանային ուժեղացում


Խաղաղության հուշագրի ստորագրումը ոչ միայն Հայաստան-Ադրբեջան գործընթացի մասին է։ Դա քայլ է՝ ամերիկյան ազդեցությունն ընդլայնելու ամբողջ Հարավային Կովկասում:


Փաստ №3. Ռուսաստանի նահանջը


Մոսկվան արագորեն դուրս է մղվում Հարավային Կովկասից։ Այս միտումը արագանում է՝ հատկապես Ուկրաինայի պատերազմի, հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցման ֆոնին։


Փաստ №4. Սյունիքում արտաքին ներկայացվածություն


Դիվանագիտական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն մեկ քայլ է հեռու Սյունիք մուտք գործելուց և այնտեղ շուրջ 1000 հոգանոց «մասնավոր» ընկերության անձնակազմ տեղակայելուց։ Սա կարող է ներկայացվել որպես «մասնավոր ընկերություն», «ներդրումային հարթակ» կամ «լոգիստիկ օպերատոր», բայց փաստացի դա կլինի ամերիկյան ուժային ներկայությունը Հայաստանի կարևորագույն տարածքում։


Փաստ №5. Իրանի և Ռուսաստանի համար նոր իրականություն


Թեհրանի և Մոսկվայի համար Հարավային Կովկասը վերաձևավորվում է։ Նրանց դերը նվազում է, իսկ մանևրելու հնարավորությունները` սահմանափակվում։


Փաստ №6. Այս պահին այլընտրանքի բացակայությունը


Այս պահին Հայաստանի համար հողի վրա այլընտրանքային միջնորդ չկա, բացի ԱՄՆ-ից։ Ռուսաստանը չունի հարթ հարաբերություններ Ադրբեջանի հետ և կան բազում խնդիրներ և գործոններ, որոնք խոչընդոտում են ՌԴ-ի ակտիվ մասնակցությանը տարածաշրջանում։


Փաստ №7. Ռիսկեր և հնարավորություններ Հայաստանի համար


ԱՄՆ-ի առաջարկները միայն ռիսկ չեն պարունակում, այլև նաև հնարավորություն։ Հարցն այն է՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կկարողանան ճիշտ կառավարել այս ռիսկերն ու օգտվել հնարավորություններից։ Մինչ այժմ հանրությանը ներկայացվում են միայն կիսատ տեղեկություններ, իսկ որոշումները կայացվում են փակ դռների հետևում։


Ուրբաթ օրը կարող է դառնալ շատ կարևոր օրերից մեկը։ Անվանեք փաստաթուղթը ինչպես ուզում եք՝ դա լինելու է նոր կարևոր փուլ Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ Հարավային Կովկասի համար։


Արման Ղուկասյան, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ


 


 

Թեմայի այլ նորություններ