12.07.2025

Պատմական հանդիպում, ոչ բեկումնային ելքով. փորձագետը` Աբու Դաբիի բանակցությունների մասին

Հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, որի արդյունքում հրապարակվեց բավականին չեզոք ձևակերպված հայտարարություն։ Ի՞նչն իրականում քննարկվեց, հնարավո՞ր է արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև 2026 թ. ընտրությունները, և ինչպե՞ս են ներգրավված արտաքին խաղացողները՝ VERELQ-ի հետ զրույցում վերլուծում է քաղաքական վերլուծաբան, APRI Armenia կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։


Бениамин Погосян. Перспективы модернизации вооруженных сил Армении.  «Аналитикон» |


Լուսանկարում Բենիամին Պողոսյանն է


VERELQ – Ինչպե՞ս կգնահատեք հուլիսի 10-ին Աբու Դաբիում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները։ Կարելի՞ է խոսել որոշակի բովանդակային առաջընթացի մասին։


Բենիամին Պողոսյան – Չեմ կարծում, որ տեղի է ունեցել որևէ պատմական իրադարձություն, որ խնդիրները լուծվել են կամ որ ձեռք են բերվել իսկապես կարևոր համաձայնություններ։ Եթե նույնիսկ կան նման պայմանավորվածություններ, ապա կողմերը առայժմ դա չեն հրապարակում։ Բայց ասել, թե հնգժամանոց հանդիպումը կամ ցանկացած նման հանդիպում ոչինչ չի տալիս՝ ևս սխալ է։ Ես այդ ամենը կգնահատեի չափավոր դրական ու միաժամանակ սքեպտիկ մոտեցմամբ։ Հասկանալի է, որ լավ է, երբ գործընթացը շարունակվում է։ Նման հանդիպումներն իջեցնում են ռազմական էսկալացիայի հավանականությունը։ Դրանք ցույց են տալիս, որ գործընթաց կա, և մենք փակուղում չենք։ Բայց ասել, թե բոլոր խնդիրները լուծված են և մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը կամ հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ սխալ է։ Ինչպես շատերի, ինձ մոտ էլ նման զգացողություն չկա։ Մեր տրամադրության տակ կա ընդամենը երկու ԱԳՆ-ների կողմից տարածված համատեղ հայտարարություն։ Եվ այդ ֆոնին լուրջ ակնկալիքներ ունենալը իրատեսական չէ։


VERELQ – Ձեր կարծիքով, Աբու Դաբիի հնգժամանոց հանդիպումը որևէ իրական արդյունք տվեց՞։ Ինչ կարող ենք հասկանալ ամփոփիչ հայտարարությունից։


Բենիամին Պողոսյան – Ինչպես արդեն ասացի, ես այստեղ որևէ առաջխաղացում չեմ տեսնում։ Իհարկե, այն փաստը, որ հանդիպում տեղի է ունեցել, արդեն որոշակի դրական ազդակ է, բայց նշանակալի տեղաշարժ չեմ նկատում։


VERELQ – Ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի առնվազն մինչև Հայաստանում նախատեսված 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։


Բենիամին Պողոսյան – Ստորագրվի՞։ Ոչ։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու պետք է Ադրբեջանը գնա այդ քայլին։ Անձամբ ես չեմ հասկանում՝ դա ինչ կշահի Ադրբեջանը։ Չեմ բացառում, որ պայմանագիրը կարող է նախաստորագրվել։ Դա էլ կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից՝ ցույց տալու, որ ինքը կառուցողական գործընկեր է Արևմուտքի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Իսկ Հայաստանի համար՝ ցանկացած քայլ, անգամ փոքր, որը մոտեցնում է խաղաղության պայմանագրին՝ շահավետ է գործող իշխանության համար։ Կառավարությանը պետք են «լավ նորություններ», որպեսզի հայտարարի հանրությանը. «Ահա, խաղաղության շանս կա։ Եթե մեզ ընտրեք 2026-ին՝ խաղաղության հնարավորությունը կմեծանա, իսկ հակառակ դեպքում՝ կլինի պատերազմ»։ Այսինքն՝ նախաստորագրումը կարող է որոշակի օգուտ բերել երկու կողմերին էլ։ Բայց դա դեռ ստորագրում չէ։ Ադրբեջանը կարող է շարունակել առաջ քաշել նախապայմաններ՝ Սահմանադրության փոփոխում, Մինսկի խմբի լուծարում և այլն։ Ստորագրում ես չեմ սպասում։ Բայց նախաստորագրում՝ տեսականորեն հնարավոր է։


VERELQ – Եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի բոլոր նախապայմանները, արդյոք դա կտա՞ պայմանագրի ստորագրման հնարավորություն։ Թե՞ այդ ցուցակը պարզապես կհավելվի։


Բենիամին Պողոսյան – Իհարկե ոչ։ Ես միշտ ասում եմ՝ դա նախապայմաններ չեն, այլ՝ պատրվակներ։ Նույնիսկ եթե վաղը Սահմանադրությունը փոխվի, հանվի Անկախության հռչակագրի հիշատակումն ու Մինսկի խումբը պաշտոնապես լուծարվի, դա չի խանգարի Ալիևին ասել. «Հիանալի է, բայց առանց Զանգեզուրի միջանցքի՝ իմ տարբերակով, խաղաղության պայմանագիր չի կարող լինել»։ Այսինքն՝ միշտ կարող են հայտնվել նոր պատրվակներ՝ թիվ երեք, թիվ չորս… Այսօր ունենք առաջինն ու երկրորդը։ Իմ գնահատմամբ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը ոչինչ չի տալիս Ադրբեջանին։ Ուստի նա կանի ամեն ինչ՝ այն չստորագրելու համար։ Եթե այսօրվա երկու պատրվակները վերանան, պարզապես կստեղծվեն նորերը։


VERELQ – Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը հանձնարարել են պաշտոնյաներին արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Կարելի՞ է սպասել ակտիվության այդ ուղղությամբ։


Բենիամին Պողոսյան – Սպասել կարելի է, բայց իրավիճակն այսպիսին է։ Հայ-ադրբեջանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 1000 կմ՝ մոտավորապես 1040։ Այժմ սահմանազատվել է ընդամենը 12 կմ 700 մետր՝ այսինքն՝ մեկ տոկոսից էլ պակաս։ Կան տարածքներ, որտեղ սահմանազատումը խնդիր չէ՝ Հայաստանն այնտեղ չի պնդում, որ ադրբեջանական զորքերը գտնվում են իր տարածքում, և Ադրբեջանն էլ չի պնդում, որ իր տարածքը գտնվում է հայկական «օկուպացիայի» տակ։ Այդպիսի հատվածներ հարյուրավոր կիլոմետրեր են։ Խաղաղ, առանց լարվածության, կարելի է մինչև տարեվերջ սահմանազատել ևս 20–30, գուցե 50 կմ։ Դա կբերի նրան, որ կունենանք մոտավորապես 5% սահմանազատված սահման։


Բայց դա ռազմավարական իմաստով ոչինչ չի փոխի։ Քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, Ադրբեջանը պահանջում է Զանգեզուրի միջանցք, պահանջում է «Արևմտյան Ադրբեջանի» ստեղծում, խաղաղության պայմանագիր չկա՝ ուրեմն էսկալացիան հնարավոր է ցանկացած պահի։ Սահմանազատումը ոչ մի կերպ չի կանխում էսկալացիայի ռիսկը։ Ադրբեջանը կարող է շարունակել այդ գործընթացը՝ մինչև 2025-26թթ․ հասնելով մեծ տոկոսի, բայց չստորագրել պայմանագիր ու շարունակել անուղղակի սպառնալ՝ ռազմական ուժի հնարավոր կիրառմամբ։ Սա Ադրբեջանի համար իդեալական սցենար է՝ մի կողմից թվում է, թե գործընթացը առաջ է գնում, մյուս կողմից պահպանում է ճնշման լծակները։


VERELQ – Վերջին հարցը։ Մինչև հանդիպումը «Carnegie»-ում հրապարակվել էր վերլուծություն, ըստ որի՝ Սյունիքի ճանապարհի հնարավոր օպերատորը կարող է լինել ամերիկյան ընկերություն։ Որքա՞ն իրատեսական է դա, և ի՞նչ արձագանք կտա այդպիսին Ռուսաստանը։


Բենիամին Պողոսյան – Առաջին հարցին միանշանակ պատասխան դժվար է տալ։ Տրամաբանորեն՝ ամերիկացիները մեծ հետաքրքրություն չպետք է ունենան, բայց բացառել չի կարելի որոշակի սպեկուլյատիվ մոտեցումներ։ Օրինակ՝ խոսակցություններ կան, որ Թրամփը ցանկանում է ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ, ու ինչ-որ մեկը նրան ասել է՝ դրա ամենակարճ ճանապարհը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումն է կամ հաղորդակցությունների բացումը։ Դա, իհարկե, միայն ենթադրություններ են։ Իսկ երկրորդ հարցին պատասխանը շատ հստակ է՝ Ռուսաստանի արձագանքը լինելու է չափազանց բացասական։ Մոսկվայի տեսանկյունից՝ դա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը՝ հատկապես Հայաստանը, հրաժարվում են կատարել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը (թեև մնացած կետերն էլ այլևս չեն գործում, բայց հայտարարությունը ֆորմալ առումով դեռ ուժի մեջ է)։ Հայաստանը հայտարարում է, որ ռուս սահմանապահների տեղակայումը խախտում է իր ինքնիշխանությունը, բայց միևնույն ժամանակ համաձայնություն է տալիս ամերիկյան ընկերության ներգրավմանը։ Առաջանում է հարց՝ եթե ամերիկացիների ներկայությունը ինքնիշխանության խախտում չէ, ապա ինչո՞ւ ռուսականը պետք է լինի։ Կարող են ասել, թե ամերիկյան ընկերությունը մասնավոր է։ Բայց Ռուսաստանում էլ կան մասնավոր ընկերություններ։ Ինչո՞ւ այդ գործառույթը չառաջարկեցին, օրինակ, ռուսական մասնավոր ընկերությանը։ Ռուսաստանի համար սա ընկալվելու է որպես ակնհայտ ոչ բարեկամական քայլ, որն ուղղված է նրա ազդեցության նվազեցմանը Հարավային Կովկասում։

Թեմայի այլ նորություններ