17.06.2025

Խաղ կրակի հետ․ Իսրայելը փորձում է ներքաշել ԱՄՆ-ին պատերազմ

CNN-ը հղում անելով ամերիկյան հետախուզության մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի նշում է, որ ԱՄՆ հետախուզության տվյալով, Իրանը ակտիվ աշխատանք չի տարել միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ եւ առնվազն երեք տարի հեռավորության վրա է եղել այդպիսի զենք ունենալուց: Միաժամանակ, ըստ ամերիկյան հետախուզության պաշտոնյաների, Իրանին հասցված հարվածները թերեւս ընդամենը մի քանի ամսով հետ գցեն Իրանի միջուկային ծրագրերը, որ ավելի:


ԱՄՆ հետախուզության աղբյուրներին հղումով այս տեղեկությունը թերեւս հուշում է, որ Նահանգների կառավարող վերնախավում մեղմ ասած ոչ բոլորն են աջակցում Իրանի հարցում ռազմական այս գործողություններին: Փաստացի, հետախուզության հղումով արտահոսքը այն մասին է, որ Իսրայելը չի ունեցել հարվածի անհրաժեշտ պատճառ կամ հրատապ հիմքեր:


Չի բացառվում, որ այս կերպ նաեւ փորձ է արվում դիմադրել անմիջականորեն ԱՄՆ ներքաշմանը, ինչին ձգտում է Թել Ավիվը: Ըստ իս, բուն խաղադրույքը հենց դա է՝ ներքաշել ԱՄՆ-ին ակտիվ պատերազմի մեջ: Իսկ, քանի որ առնվազն առաջին աստիճանի արկածախնդրությունը իրականացնելու հարցում Թել Ավիվին հաջողվել է ստանալ ԱՄՆ նախագահի հավանությունը, ապա որեւէ կերպ բացառված չէ, որ նա կարողանա ի վերջո հասնել նաեւ արկածախնդրության երկրորդ փուլին՝ ԱՄՆ ներգրավման մասին Թրամպի որոշման:


Իսկ Թրամպը «բազմաշերտ» ծուղակում է:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Թեմայի այլ նորություններ