14.06.2025

«Իրանը այնքան գիտնականներից դատարկ չէ, որ չկարողանա վերականգնել իր կարողությունները»

Իսրայելի վերջին լայնածավալ հարվածներն Իրանի դեմ նոր փուլ է բացել Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական քարտեզում։ Թեհրանում 20-ից ավելի կետեր են խոցվել, միջուկային օբյեկտներ են թիրախավորվել, գիտնականներ սպանվել։ Բայց արդյոք կարո՞ղ է սա կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը, և ինչպիսի՞ն են դրա հետևանքները հարևան տարածաշրջանի` Հարավային Կովկասի համար։


Այս կարևոր հարցերի պատասխանները փնտրում ենք VERELQ-ի հարցազրույցում՝ Իրանի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռոբերտ Բեգլարյանի հետ, որը ներսից է ճանաչում Իրանի քաղաքական իրականությունն ու ժողովրդի տրամադրություններն այս ճգնաժամային պահին։


VERELQ: Պարոն Բեգլարյան, ասացեք խնդրեմ, ըստ ձեր տեղեկատվության, ինչպիսի՞ն է իրավիճակը այս պահին Թեհրանում, Իրանում, և որքանո՞վ ցավոտ է եղել Իսրայելի հարվածը։


Ռոբերտ Բեգլարյան: Շնորհակալություն այս հարցազրույցի համար։ Այո, ինչպես նշեցիք, ըստ ստացված տեղեկատվության՝ իրապես, հատկապես Թեհրանում և ամբողջ Իրանում բոլորը կարող եմ ասել, որ համենայն դեպս սպասելիքներ կային, որ որևէ ձևով հարվածներ կլինեն Իսրայելի կողմից, սակայն կարծում եմ, որ մեծ մասամբ ժողովուրդը ցնցված է, քանի որ հենց Թեհրանում ավելի քան 20 կետ է խոցվել երկրի տարբեր վայրերում։


Կարևորը այն է, որ մենք տեսնում ենք քաղաքացիական կենտրոններ, շենքեր, այսինքն՝ Իսրայելը ուզել է այս կամ այն գիտնականին բուквալ մեջտեղից վերացնել, չխնայելով այն հանգամանքը, թե ինչպես է պետք հարվածել։ Այդ շենքերում տեսնում ենք, որ երեխաներ, կանայք և ուրիշ մարդիկ նույնպես զոհվել են։ Սա բնականաբար ազդեցություն կունենա ինչպես մարդկային մոտեցումների, այնպես էլ անվտանգային առումներով։ Համենայն դեպս, Իրանի ժողովուրդը, ինչպես բոլորս էլ ակնկալում ենք, նման երևույթները ծանր է տանում։


VERELQ: Հասկանալի է։ Հայտարարվել է, որ հարվածի հիմնական նպատակը միջուկային օբյեկտներն են, Իրանի միջուկային ծրագիրն է։ Ձեր կարծիքով, այն թիրախները, որոնք ընտրվել են՝ ռազմական ղեկավարություն, միջուկային գիտնականներ, որքանո՞վ ցավոտ ազդեցություն կունենան այդ ծրագրի վրա, և ինչքանո՞վ հետ կգցեն Իրանին այդ ծրագրի իրականացումից։


Ռոբերտ Բեգլարյան: Նայեք, այս պահին, օրինակ, հայտնի է, որ Տավրիզի մոտ ամենակարևոր ռադարային կենտրոնն է խոցվել, կամ Նաթանզի միջուկային օբյեկտը և այլն։ Սրանց գործունեությունը կարելի է ինչ-որ առումով հետաձգելով վերականգնել, սակայն ինձ թվում է, որ նման գիտնականների, որոնց մասին արդեն լուրերի մեջ լսում ենք, որ Իսրայելի ուժերը սպանել են, ես չեմ կարծում, որ Իրանը այնքան այլ գիտնականներից դատարկ լինի, որ չկարողանա վերականգնել իր կարողությունները։
Ասվածս այն է, որ ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, տեխնոլոգիական հարցերին, կարելի է ուշացնել, և ինչ որ վերաբերում է ատոմային ծրագրերին, սակայն այն, որ դրանք լիովին կասեցվեն, իմ կարծիքով հեռու է իրականությունից։


VERELQ: Հասկանալի է։ Ձեր կարծիքով ամեն ինչ շարժվում է դեպի մեծ պատերազմ՝ Իսրայելի և Իրանի միջև, թե՞ պատասխանի հարվածներ կլինեն, և դրանով ամեն ինչ կավարտվի։


Ռոբերտ Բեգլարյան: Չեմ կարծում, որ շուտ ավարտվի։ Իհարկե, այստեղ մի երևույթ կա, որի մասին մենք արդեն լուրերի մեջ տեսնում ենք. երբ Իրանի ԱԹՍ-ները շարժվել են դեպի Իսրայելի տարածք, լուրերում հաղորդվում է, որ Պարսից ծոցի տարբեր արաբական երկրներ, ինչու չէ՝ հենց Ամերիկան, Անգլիայի ուժերը և բոլորը որևէ ձևով օգնում են, որպեսզի արգելակեն այդ ընթացքը, մեկ խոսքով՝ ԱԹՍ-ների Իսրայել հասնելը և այլն։


Սա նշանակում է, որ ինչ-որ դժբախտաբար, անկախ հայտարարություններից, ինչ-որ միջազգային համագործակցություն գոյություն ունի Իսրայելի հետ, և դա շատ դառն իրականություն է։ Իսկապես ինձ թվում է՝ տարածաշրջանը և մարդկությունը լուրջ վտանգի առջև են հայտնվելու։


Այս պահին, օրինակ, լսում ենք, որ Արաբական Էմիրատները դատապարտում են, սակայն նաև տեղեկություններ կան, որ տեղեկատվական առումով նվազագույնը օգտակար են կամ զգույշ են, որպեսզի իրենց տարածքը պահպանեն։ Բայց այն, թե այդ ուղղությամբ ինչքան օժանդակություն են հասցնում իսրայելական ուժերին, կարծում եմ՝ Իրանի աչքից հեռու չի մնալու։


Մեկ խոսքով, Իրանը նույնպես մի կացության մեջ է, որ պետք է բոլոր կողմերի ճիշտ գնահատական տա։ Նաև կարծում եմ, որ Իրանի առաջնորդությունը, հոգևոր առաջնորդը և համապատասխան ուժերը, թեև այս պահին հարվածելու են և պատասխանը տալու են, սակայն օրերի ընթացքում կփորձեն ավելի հավասարակշռված և ճիշտ գնահատական տալով քաղաքականություն մշակել։


Սակայն մի իրականություն կա, որ հատկապես քաղաքացիական անձինք, ոչ ռազմական դեմքեր, որոնց ընտանիքները սպանվել են, դա ժողովրդի կողմից ինչ-որ պահանջներ ավելի կձևակերպի, կմոբիլիզացնի, և ակնկալիք կունենան, որ իրապես Իրանի կողմից հարվածի պատասխանը ազդեցիկ լինի։


Մենք տեսնում ենք, որ Նեթանյահուն նույնպես հայտարարում է, որ նվազագույնը պետք է սպասել երկու շաբաթ հարվածների։ Հիմա սրա մի բաժինը կարող է նաև ինչ-որ պրոպագանդայի բնույթ ունենալ՝ Իսրայելի ներսում միակամություն ձեռք բերելու նպատակով, սակայն համենայն դեպս այդ բոլոր վտանգները գոյություն ունեն։


Նաև այն, որ մենք ուրիշ երկրների մոտեցումները կամ ծածուկ նպատակները, որ Իսրայելը կամ գուցե արևմուտքը ունի... Մենք գիտենք, որ Իրանի համագործակցությունը Ռուսաստանի հետ այս վերջին տարիներին բոլորի համար խիստ անտանելի է համարվել և մտահոգություն է առաջացրել։ Նաև ինձ թվում է՝ նման նպատակներ պետք է տեսնենք կուլիսների հետևում և պետք է նկատի առնենք մեր գնահատականում։


VERELQ: Վերջին հարցը. սա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի համար, Հայաստանի համար, հատկապես եթե Իրանը ներքաշվի պատերազմի մեջ Իսրայելի հետ։


Ռոբերտ Բեգլարյան: Բնականաբար կարող է բազմակողմանի քննարկել, ես բոլոր ասպեկտներին գուցե չկարողանամ այս պահին ճիշտ գնահատական տալ, սակայն անմիջական անվտանգության առումով հիմնականն այն է, որ եթե ավելի շատ Իրանը ներքաշվի, ապա Ադրբեջանը ու Թուրքիան ինչպես կօգտագործեն այս իրավիճակը և կփորձեն Հայաստանին ճնշել կամ Հայաստանից նորից առավելություններ կորզել, կամ ավելի վատ՝ ոտնձգություններ թույլ տալ դեպի Հայաստանի հողային ամբողջականությունը։ Փորձել իրենց հեռանկարային նպատակներին հասնել և թե՛ Իրանին ճնշել, և թե՛ շրջապատման մեջ պահել։


Սա ինձ թվում է անմիջական է։ Մյուսը, որ հետագայում կարող ենք ակնկալել, ահա թե ինչ. այս գործընթացը, այս ռազմականացումը, ավելի շատ տարածաշրջանի քաղաքական մոտեցումները, ինչպե՞ս են ռեժիմների փոփոխության հարցով ընկալումների խնդիրները, քաղաքականությունների փոփոխության մասին է իմ ասածը, այսինքն՝ ժողովրդավարության, հարվածելու հարցերը և այլն։ Սրանք բոլորը Հայաստանի հարևանությամբ չեն կարող չազդել Հայաստանի թե՛ քաղաքական ապագա կենսակերպի և թե՛ տնտեսական ու հասարակական զարգացման գործընթացներում։ Սրանք, կարծում եմ, բոլորը կարող են մտահոգիչ լինել։

Թեմայի այլ նորություններ