
Նախիջևանի տանկային ստորաբաժանումը ունի միայն մեկ մարտական խնդիր` գրոհ Երևանի ուղղությամբ
Էդգար Ղազարյանն է գրել:
13.05.2025Վերջերս ՀՀ Ազգային ժողովում քննարկվող զինվորական ծառայության նոր մոդելը լայն հասարակական արձագանք է ստացել։ Նախաձեռնության համաձայն՝ ներկայացվում են ծառայության տարբեր տարբերակներ՝ համապատասխան վճարների դիմաց։ Հակադիր մոտեցումների հեղեղի մեջ հատկապես կարևոր են փորձագիտական գնահատականները։ VERELQ-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վերլուծում է առաջարկվող փոփոխությունների իրական ազդեցությունը, հայեցակարգային թերությունները և հնարավոր հետևանքները երկրի պաշտպանունակության տեսանկյունից։
VERELQ: Նախաձեռնությամբ առաջարկվում է մինչև 18 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամ տուրք։ Չե՞ք կարծում, որ սա կարող է դիտարկվել որպես սոցիալական անհավասարության խորացում՝ երբ ապահովված քաղաքացիները կկարողանան խուսափել ծառայությունից, իսկ մյուսները՝ ոչ։
Տիգրան Աբրահամյան: Նախ 15 մլն դրամ չէ, այլ 20 միլիոնը այն դեպքում է, երբ որ ամբողջությամբ են ազատվում ծառայությունից, 15 միլիոնը այն դեպքում է, երբ որ մեկ ամիս ծառայում են և որոշակի պատրաստություն են ստանում։ Նախ սկսենք այն հանգամանքից, որ մեկ ամսյա ծառայություն չի կարող մարդուն տալ այնպիսի պատրաստություն, որի պայմաններում կհամարվի, որ գոնե նվազագույն մարտական պատրաստության պլանը անցել է և դա նրան հնարավորություն կտա ընդգրկվել աշխարհազորում, իսկ հետագայում էլ մասնակցել վարժական հավաքների կամ մարտական գործողությունների, փաստացի կունենանք անպատրաստ մարդ, որը պարզապես մեկ ամսյա ծառայություն է անցել, որը այս պահին գործող ՊՆ որևէ ծրագրով չի համարվում պատրաստություն անցած զինծառայող։ Նվազագույնը այս դեպքում կարծում եմ, որ երեքից չորսուկես ամիս պետք է պատրաստություն կարողանան անցնել, որ այդ դեպքում նույնիսկ քննարկելի դառնա, թե այս մարդը պահեստազորում ընդգրկվելով հետագայում կարո՞ղ է որևէ խնդիր լուծել, թե չլուծել։
Ինչ վերաբերում է թեմայի սոցիալական հատվածին, ապա իշխանությունը ոչ թե գնում է եղած սողանցքների, խնդիրների, կոռուպցիոն դրսևորումների վերացման, մեղմացման կամ նվազեցման ճանապարհով, այլ ճանապարհ է ընտրել այդ կոռուպցիայի նյութականացումը կամ օրինականացումը, ինչը արտահայտվում է այս նախագծով։ Իհարկե, սա բերելու է սոցիալական բևեռացման կտրուկ խորացմանը, մեր երկրում առանց այն էլ առանձնապես համերաշխ իրավիճակ չունենք, միանգամից խախտելու է բալանսը հասարակության շրջանում, անարդարությամբ ավելի մեծ ալիք է բարձրացնելու բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կունենան նույն մոտիվացիան, նույն ցանկությունները, սակայն սոցիալական տարբեր իրավիճակից ելնելով չեն ունենա հավասար հնարավորություններ օգտվելով այս ծրագրից։
VERELQ: Նոր մոդելով առաջարկվում են ծառայության երեք տարբերակներ՝ տարբեր գումարներով ու ժամկետներով։ Ինչպե՞ս է հաշվարկվել այս ընտրանքների տրամաբանությունը, և արդյո՞ք սա բանակը մասնավորեցնելու կամ «վճարովի ծառայության» գաղափարի ակամա հաստատում չէ։
Տիգրան Աբրահամյան: Երրորդ հարցի հետ կապված տպավորություն կա, որ մարդիկ երբ որ հաշվարկում են այդ նախատեսված կամ կանխատեսվող գումարներով հետագայում ընդլայնել պայմանագրային ծառայությունը կամ մեծացնել մարդկանց թիվը, լավ պատկերացում չունեն մեր երկրի մարդկային ռեսուրսների մասին և մասնավորապես այն ռեսուրսի, որը ցանկություն ունի որևէ պայմաններում, նույնիսկ բարձր վարձադրության դեպքում մեկնել ծառայության։ Ստեղծված իրավիճակում կարելի է տարբեր մոդելներ հաշվարկել, միգուցե մեկի կամ երկուսի դեպքում մարդկանց թիվը մի փոքր կավելանա կամ միգուցե կիջնի, բայց այսօր գլխավոր խնդիրը ոչ թե մոդելներն են, ոչ թե ձեր ասած վճարովի ծառայությունների գաղափարը, այլ առհասարակ ծառայության նկատմամբ պետության վերաբերմունքը։
Իսկ պետությունը այս իրավիճակում, իշխանությունը իր պաշտոնական հռետորաբանությամբ բարձրագույն մակարդակով հաստատել է, որ իր համար երկրի նկատմամբ, հայրենիքի նկատմամբ առաքելությունը ամբողջությամբ նույնականացված է Հայաստանում գործող մնացած բոլոր մասնագիտությունների հետ։ Այսինքն՝ զինվորականի մասնագիտության ընտրման ժամանակ առկա մոտիվացնող բոլոր հիմքերը այս իշխանությունը ոչնչացրել է և դրա պարագայում զուտ ֆինանսական կամ վճարովի ծառայություններ ենթադրող մոդելները չեն կարող աշխատող լինել և իրենց բուն նպատակը կատարել, այսինքն՝ ապահովել երկրի պաշտպանությունը և համապատասխան համալրված ապահովել զինված ուժերի համար։
VERELQ: Օրինագծի հեղինակի տվյալներով՝ վերջին երկու տասնամյակում զորակոչի ենթակա քաղաքացիների միայն 30-40 տոկոսն է ծառայում։ Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է այս մտահոգիչ ցուցանիշի խորքային պատճառը՝ վստահության պակա՞սը, անհավասար պայմաննե՞րը, թե՝ ինստիտուցիոնալ բացերը։
Տիգրան Աբրահամյան: Ինչու է մարդկանց այսպիսի մեծ տոկոս խուսափում ծառայությունից, պատճառները շատ տարբեր են՝ սկսած համաշխարհային միտումներից, որտեղ մարդիկ պարզապես չեն ուզում մահանալ, վերջացրած այն գաղափարական և մոտիվացնող հիմքերով, որը ցանկացած նորմալ պետության պայմաններում ապահովում է իր զինված ուժերում կադրային համալրումը՝ մարտական խնդիրները ժամանակին լուծելու տեսանկյունից։
Հիմա, երբ որ Հայաստանում թիվ մեկ մարդը կամ հերոսը հարկատուն է, այլ ոչ թե զինծառայողը, բնական է, որ մեծ թվով մարդկանց համար, որոնց մոտիվացիան զինված ուժերում լինելը կամ կարիերա անելը կապված է եղել հայրենիքի, պետական պաշտպանության և այս դեպքում հասարակության իր նկատմամբ ունեցած մեծ հարգանքով և հեղինակությամբ, բնականաբար մոտիվացնող մեծ թվով հիմքեր դուրս են գալիս։
2018-ից սկսված բանակի վարկաբեկման գործընթացը, երբ առանձին կոռուպցիոն դեմքեր, կամ առանձին օդիոզ զինվորականներ բերում և ամբողջացնում էին զինված ուժերի վրա և թիրախավորում էր ողջ մարտական մասը, բնականաբար ժամանակի ընթացքում մեծ ազդեցություն են թողել, ինչպես այդ պահին ծառայող շատ զինվորականի վրա՝ պայմանագրայիններից մինչև սպայական հրամանատարական օղակ, այնպես էլ դրանք այսօր ազդեցություն են ունենում այն մարդկանց վրա, որոնք որևէ պայմաններում կարող են ընտրել զինվորական մասնագիտությունը։
Շատ պարզ օրինակ բերեմ. եթե մասնագիտությունները հավասարեցված են և հասարակության, և նաև պետական մակարդակով, պետական ընկալման տեսանկյունից, ապա ինչու մարդը միևնույն աշխատավարձի պայմաններում պետք է ընտրի իր կյանքին վտանգ ներկայացնող աշխատանք։
Դիտավորյալ եմ շեշտում «աշխատանք»՝ այլ ոչ թե «ծառայություն» բառը, որովհետև այս իշխանության համար սա չի դիտարկվում որպես ծառայություն, այլ որպես աշխատանք է դիտարկվում։ Եվ ինչու մարդը իր ամսվա կտրվածքով կեսը պետք է անցկացնի մարտական դիրքերում, մի մաս անցկացնի պոլիգոններում, զորամասային ծառայությունում կամ այլ հատվածում, եթե կարող է այդ ողջ ընթացքում մնալ տանը, կամ իր բնակավայրի մոտ հատվածում և զբաղվել այլ աշխատանքով։ Հիմա իշխանությունը զրոյացրել է մարդու համար ծառայության անցնելու բոլոր գաղափարական հիմքերը և արժեքաբանական հիմքերը և սկսել է դա դիտարկել բացառապես ֆինանսական տիրույթում։
VERELQ: Առաջարկվող փոփոխությունները մի կողմից խստացնող են, մյուս կողմից՝ որոշ չափով նաև «ընտրովի»։ Ինչպե՞ս եք գնահատում այս մոդելի նկատմամբ հանրային վստահության հնարավոր ռիսկերը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ վստահությունը վերականգնելու համար։
Տիգրան Աբրահամյան: Հասկանալի է, որ անկախ քաղաքական հայացքներից, մեր հասարակության մի հատվածի համար սա կարող է դիտվել որպես գայթակղիչ նախագիծ, հաշվի առնելով, որ օրինական հիմքեր է բացվում իրենց ընտանիքի անդամներին գումարով բանակից օրինական ձևով ազատելու համար կամ նրանց ժամկետը էականորեն կրճատելու համար։ Բայց շատ կարևոր է այս թեմային մոտենալ ոչ միայն ներընտանեկան կամ մասնավոր տեսանկյունից, այլ երկրի պաշտպանության, որովհետև այս մարդիկ յուրաքանչյուրը դերակատարներ են, ըստ մասնագիտությունների դառնում երկրի անվտանգության համակարգում ներգրավելու տեսանկյունից։
Իհարկե կարելի է հասկանալ մարդկանց, ովքեր առաջին հերթին փորձում են դա դիտարկել իրենց ներընտանեկան իրավիճակի և սպառնալիքների պարագայում, հատկապես երբ որ Հայաստանում այսպիսի իշխանություն է, որի պարագայում որևէ մեկը վստահ չէ, որ տարբեր ճգնաժամային իրավիճակում իր մեջքին կունենա պետություն։ Բայց մյուս կողմից, եթե մենք սա դիտարկում ենք հավաքական առումով Հայաստանում ապրելու, անվտանգ ապրելու տեսանկյունից, ապա մարդիկ պետք է հասկանան, որ սրանով ոչ թե իրենք կարողանում են գումար ապահովել պետական բյուջեում պայմանագրայինների թիվը մեծացնելու համար, այլ պարզապես սրանով էականորեն կրճատելու են զինված ուժերը։
Որովհետև այսօր խնդիրը չեմ կարծում միայն աշխատավարձն է, երբ որ մենք համալրման բավականին ծանր իրավիճակ ունենք տարբեր ուղղություններում, խնդիրը միայն ֆինանսական չէ։ Ես տարբեր հարցադրումների պատասխանի ժամանակ ասեցի, և կադրային առհասարակ մարդկային կապիտալի առումով, մեր նման փոքր երկրների դեպքում, և առհասարակ այն մարդկանց շրջանակի, որոնք ունեն ցանկություն և որևէ աշխատավարձի պայմաններում միգուցե դիմեն զինվորական ծառայության, այնպես չէ, որ մեխանիկորեն ֆինանսական մասի մեծացումը մեր մոտ բերելու է պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը կամ բերելու է զինված ուժերում համալրման հետ կապված հարցերի կարգավորմանը։
Էդգար Ղազարյանն է գրել:
13.05.2025Էմին Թորոսյանի հայտարարությունը:
13.05.2025