
ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. ՄԱՄՈՒԼ
- 23.04.2025
- Վերլուծություն
- arm
- rus

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վերջին շաբաթներին ՔՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել, պատմությունն են մեկնաբանում` իրենց գրագիտության մակարդակով, ՀՅԴ-ին մեղադրում առաջին հանրապետության կորստի, ցեղասպանությունն ուրանալու եւ այլ մեղքերի մեջ։ Օրեր շարունակ ընթացող արշավի կուլմինացիային ականատես եղանք երեկ՝ ԱԺ-ում․ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստը վարող Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ հեգնախառն տոնով սադրեց ընդդիմադիրներին՝ նկատողություն անելով խոսելու համար: Ասաց, թե հասկանում է, որ իրար մեջ վեճ ունեն, եւ հորդորեց լռել։ ՀՅԴ-ականներն արձագանքեցին տեղից, սկսվեց լեզվակռիվ, որից հանկարծ տաքացավ Փաշինյանի քավորի եղբայրը` Վահե Ղալումյանը, տեղից թռավ եւ հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու սկսվեց քաշքշուկ։ Ի դեպ, կռվի ժամանակ, ասում են՝ Արթուր Հովհաննիսյանն անամոթաբար սեռական հայհոյանքներ է հնչեցրել կանանց ներկայությամբ։ ՀՅԴ-ում կարծում են, որ իրենց դեմ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիեւ տանդեմի կողմից: Երկու երկրում էլ ՀՅԴ-ն համարում են ռեւանշիստական ուժ եւ Հայ դատի հիմնական ջատագով, որին երազում են լռեցնել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում կատարվածը, որքան էլ որ տհաճ միջադեպ որակվեց, այնուամենայնիվ, խոր արմատներ ուներ, եւ ՔՊ-ի կողմից գծագրված առավել մեծ պլան տապալվեց: Խնդիրը միայն Ցեղասպանության ուրացման պատժի մասին նախագիծը չէր: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ին մոտ կանգնած խորհրդարանական աղբյուրներից պարզեց, որ երեկ ՔՊ-ականները մտադիր էին «Դաշնակցության» ղեկավար Իշխան Սաղաթելյանի վրա հարձակվել, ցուցադրաբար ծեծկռտուք սարքել հենց նրա հետ: Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չզսպեց իր էմոցիաները` թիրախավորված քննադատելով եւ վիրավորելով Իշխան Սաղաթելյանին:
Վահագն Ալեքսանյանն էլ հայտարարեց, թե տելեգրամյան ալիքները գրում են` խժդժություններ են հրահրվելու առաջիկա օրերին, խմբեր են ձեւավորվում եւ այլն: Կարճ ասած՝ ՔՊ-ականները ցանկանում էին, ԱԺ-ում իրենց համարձակությունը ի ցույց դնելով, կանխել հնարավոր այն բախումները փողոցում, որոնց հնարավորության մասին խոսում էր ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Սակայն Իշխան Սաղաթելյանը չտրվեց սադրանքի, չխառնվեց քաշքշուկին, եւ ՔՊ-ի պլանները ձախողվեցին: Դրա համար շատերը քաշքշուկի ժամանակ բղավում էին՝ «իջի, ամբիոնի մոտ խոսի», որպեսզի առավել հարմար լիներ ծրագրի իրագործումը:
Նկատենք նաեւ, որ երեկ հատուկ լկտիությամբ աչքի ընկան ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը փողոցային բառապաշարով էր բղավում, ինչպես նաեւ Ալավերդիում պարտված՝ համայնքի ղեկավարի թեկնածու, պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը էլի բղավում էր՝ խուլիգանական վարքագիծ դրսեւորելով: Դե իսկ սադրանքը կազմակերպեց Նիկոլ Փաշինյանի քավորը` Վահե Ղալումյանը` պատգամավոր Գեղամ Մանուկյանի վերնաշապիկի օձիքից քաշքշելով: Նա ակնհայտորեն ձգվում էր դեպի Իշխան Սաղաթելյանը, սական «Հայաստան» խմբակցության պատգամավորները թույլ չտվեցին ՔՊ-ականներին հասնել Սաղաթելյանին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը մոտ 20 րոպեանոց նիստ անցկացրեց խորհրդարանում` խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի առնչությամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ: Չնայած այն բանին, որ ՔՊ խմբակցության պատգամավորները տարբեր անկյուններում քննադատում են Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, բայց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նիստից հետո խրոխտ հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին. «ՔՊ խմբակցությունը տեւական ժամանակ է աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի առնչությամբ ամենատարբեր հարցերը: Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու, եւ կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով»,- հայտարարեց Կոնջորյանն ու արագ հեռացավ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ փակ հանդիպումից առաջ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ականների հետ մասնավոր զրույցներ է ունեցել, բացատրել, թե ինքը լրագրողին վիրավորելու միտում չի ունեցել, ավելին՝ մեջբերել է Սաղմոսներից խոսքեր: Իսկ արդեն խմբակցության նիստի ժամանակ, երբ սկսել են հարցը քննարկել, Քոչարյանն ասել է, որ սխալ կլինի ընդդիմադիրների հետ իր վարքը քննարկել, նրանց առիթ տալ քննադատելու, ճիշտ կլինի ԱԺ-ում ունենալ էթիկայի հանձնաժողով, հետագայում նաեւ իր հարցը քննարկել, բայց ո՛չ ընդդիմության նախաձեռնությամբ: ՔՊ-ականներն էլ, որպեսզի ընդդիմադիրներին ցույց չտան, թե իրենք ճիշտ են, ստիպված որոշել են էթիկայի հանձնաժողով ստեղծել, հետո նոր Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկել:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին. նախ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները: Ավելի ուշ նա հրաժարվել էր իր վարքի համար ներողություն խնդրելուց: Փոխարենը լրագրողները ստորագրահավաք էին սկսել ԱԺ-ում՝ այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Ընդդիմադիր 2 խմբակցությունները, ընդառաջելով դիմումին, շրջանառության մեջ դրեցին նախագիծը, որից հետո ՔՊ-ն որոշեց մերժել այն: Ստացվում է, որ Քոչարյանը կրկին մնում է անպատիժ, ինչպես եղավ իր՝ խմբակցության ներկայացուցիչներին վիրավորելու, նրանց վարկաբեկելու դեպքում, իսկ նրա «խաղաթուղթը» 44-օրյայի զեկույցն է, որը Քոչարյանը որպես «զենք» է պահել իշխանությունների դեմ եւ խոստացել է հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին: Թեեւ այդ զեկույցի ներկայացումն արդեն ապօրինություն է, քանի որ հանձնաժողովը վաղուց գոյություն չունի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ապրիլի 23-ին, մեկնարկելու է դաշնակցականների կողմից կազմակերպված ավանդական ջահերով երթը, որին մասնակցում են ինչպես քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնի դեմքեր, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ ու դպրոցականներ։ «Ժողովուրդ» օրաթերթին երեկ տարբեր ուսանողներ պատմեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից շրջաբերականներ՝ հրահանգավորող գրություններ են գնացել տարբեր բուհեր եւ դպրոցներ, որպեսզի ուսանողները եւ աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին: Հիշեցնենք, որ երթից առաջ, որպես բողոքի նշան, ակտիվիստները ավանդաբար այրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, ապա բոլորը շարժվում են Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականին Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Նելլի Վահանյանին՝ պարզելու՝ եղե՞լ է նման շրջաբերական, եւ եթե այո՝ ինչու: ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, թե նման բան չկա, բայց խոստացավ, որ կանի որոշ ճշտումներ, եւ խոսք տվեց մինչեւ կեսօր պատասխանել մեզ։ Սակայն մինչեւ ուշ երեկո այդպես էլ պատասխան չստացանք»։
«Հրապարակը» գրում է․ Իշխանական կուլիսներում քննարկվում է հարցը, թե ում գործուղել Սահմանադրական դատարան` Վահե Գրիգորյանի փոխարեն: Վերջին ամիսներին մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվել, սակայն կարծես թե վերադարձել են ամենաառաջին թեկնածուին` «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, որն իր հարցազրույցներում չի հերքել, որ իրեն տեսնում է ՍԴ-ում։ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու՝ ում գործուղել։
Հիշեցնենք, որ թեկնածու է դիտարկվում նաեւ դատավոր Կարապետ Բադալյանը` Վահե Գրիգորյանի մոտ ընկերը, որի հետ ժամանակին համատեղ փաստաբանություն էր անում, եւ որը դատավոր է նշանակվել 2018-ից հետո: Նա Արսեն Խառատյանի քրոջ ամուսինն է, եւ Հակակոռուպցիոն դատարանում նրան է մակագրվում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած կանխակալ մոտեցում ունի նախկինների նկատմամբ եւ բազմաթիվ հարցազրույցներ է տվել նրանց դեմ։ Հիշեցնենք․ ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «բարձր մասնագիտական, բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ» իրավաբանը։
«Հրապարակը» գրում է․ Ուղիղ մեկ ամիս առաջ գրել էինք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը 2019 թ․ սեպտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնին` առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով: Նա ապրիլի 4-ին ազատվեց պաշտոնից` «իր դիմումի համաձայն»: Բացի հիվանդանոցի տնօրեն լինելուց, Ն. Մանուկյանը նաեւ Երեւանի ավագանու անդամ էր` ՔՊ խմբակցության կազմում։ Երեւանի ավագանու նիստին երեկ հայտարարեցին, որ Նարեկ Մանուկյանը դիմում է ներկայացրել եւ վայր է դնում նաեւ ավագանու անդամի մանդատը։ Ավագանու անդամներից մեզ պատմեցին, որ Մանուկյանը նեղացել է իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու համար եւ որոշել է որեւէ կապ չունենալ առհասարակ իշխող «Քաղպայմանագրի» հետ՝ հրաժարվելով նաեւ ավագանու անդամի լիազորություններից։ Նշենք, որ Մանուկյանն Արսեն Թորոսյանի ընկերն է։ Թորոսյանի նշանակած մի քանի տնօրեն վերջին մեկ ամսում, այդ թվում` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Կախվածությունների ազգային կենտրոնի, Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենները, հեռացվեցին պաշտոններից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է Ազգային ժողով՝ ներկայացնելու 2024 թվականի տարեկան զեկույցը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաձայն այդ զեկույցի՝ 2024 թվականին 3%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 7138 դեպք, 2024 թվականին 7353 դեպք:
2.2%-ով նվազել են հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին գրանցվել է 15.847 դեպք, 2024 թվականին՝ 15.502 դեպք, 1.3%-ով՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 11.420 դեպք, 2024 թվականին 11.271 դեպք, 3.6%-ով՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 2023 թվականին 4704 դեպք, 2024 թվականին 4536 դեպք: Հաշվետու ժամանակահատվածում 7.6%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2023 թվականին՝ 1062 դեպք, 2024 թվականին՝ 1143 դեպք), 89.5%-ով՝ մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները (2023 թվականին՝ 19 դեպք, 2024 թվականին՝ 36 դեպք), 11.9%-ով՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 176 դեպք, 2024 թվականին՝ 197 դեպք), 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները (2023 թվականին՝ 210 դեպք, 2024 թվականին՝ 444 դեպք), 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները (2023 թվականին՝ 2472 դեպք, 2024 թվականին՝ 2716 դեպք), 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները (2023 թվականին՝ 630 դեպք, 2024 թվականին՝ 788 դեպք): Հաշվետու ժամանակահատվածում 22.9%-ով նվազել են հրազեն, ռազմամթերք պատրաստելու և դրանց ապօրինի շրջանառության դեպքերով հանցագործությունները (2023 թվականին՝ 1179 դեպք, 2024 թվականին՝ 909 դեպք), 11.4%-ով՝ ՃԵԿ կանոնները խախտելու հանցագործությունները (2023 թվականին՝ 2185 դեպք, 2024 թվականին՝ 1936 դեպք), 33.2%-ով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը (2023 թվականին՝ 4564 դեպք, 2024 թվականին՝ 3047 դեպք), 14.9%-ով՝ կողոպուտի դեպքերը (2023 թվականին՝ 148 դեպք, 2024 թվականին՝ 126 դեպք), 7%-ով՝ գողության դեպքերը (2023 թվականին՝ 6868 դեպք, 2024 թվականին՝ 6390 դեպք), 14.9%-ով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2023 թվականին՝ 556 դեպք, 2024 թվականին՝ 473 դեպք): 15 դեպքով կամ 16%-ով ավելացել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը»։


Իշխանությունը Հայաստանի դեմ գործելու բարենպաստ դաշտ է ձևավորում
Տիգրան Աբրահամյանն է գրում:
23.04.2025
Ռուսական կապիտալի հեռացումից հետո. ինչպե՞ս է փոխվում Հայաստանի տնտեսությունը (հարցազրույց)
Հարցազրույց VERELQ-ի հետ՝ Էմանուիլ Մկրտչյանի՝ «Արմինֆո» գործակալության գլխավոր տնօրենի, տնտեսական մեկնաբանի հետ
22.04.2025