19.04.2025

Եկել են ասելու՝ տեսանելի ապագայում մեզանից անվտանգություն չակնկալեք, «ստիպված» զիջելու ենք

Իշխանության պատկերացմամբ, մինչև 2021-22 թթ.-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան եղել է «գաղութի և զորամասի արանքի մի հաստատություն», որտեղ տարի է եղել, որ 16 կուրսանտ է ընդունվել:

Այս մասին ԱԺ-ում իշխանական պատգամավորն էր հնչեցնում, ով ի դեպ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ է:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ չի «հիշվում» այն տարիները, երբ 1000-ից ավելի դիմորդ էր լինում, կուրսեր, որտեղ 500-ից ավելի կուրսանտներ էին սովորում, փաստացի կոնկրետ որակումներ է հնչեցվում, ռազմաուսումնական հաստատությունում վերջին տասնամյակում կրթված հազարավոր անձանց, որոնցից շատերը նահատակվել են Հայաստանի ու Արցախի անկախության և անվտանգության համար մարտերում:

Ասելիքը շատ է, բայց այստեղ խնդիրն առաջին հերթին այն զինվորականների դիրքորոշումներում է, ովքեր տարիներ շարունակ ռազմակրթական գործունեություն են ապահովել, շատերն այսօր էլ տարբեր բնույթի, այդ թվում` բարձրագույն օղակներում, պաշտոններ են զբաղցնում, անցել են այս բուհ-ով և «կուլ» են տալիս քաղաքական իշխանության հերթական կշտամբանքը:

Ռազմական ուսումնական հաստատությունները 1-2 տարում չեն հիմնադրվում և առավել ևս` կայանում, դրանք զարգացման և բարելավման փուլեր են անցնում, արձանագրելով և´ հաջողություններ, և´ բացթողումներ, սակայն համեմատություններն ու որակումները բացառապես մեկ նպատակ ունեն` արդարացնել սեփական տապալումներն ու պարտությունների շղթան, պատասխանատվությունը քաղաքական վերնախավից տեղափոխելով զինվորականների տիրույթ:

ՀԳ. Մեծ առումով եկել են ասելու, որ տեսանելի ապագայում մեզանից անվտանգություն չակնկալեք, «ստիպված» զիջելու ենք:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

Թեմայի այլ նորություններ