22.11.2024

Խիստ անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ:


Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:


Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում:


Լիբանանի համար այս ծանր ժամանակաշրջանում մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ուժ և կորով՝ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և երկիրը խաղաղ հանգրվանի հասցնելու Ձեր ջանքերում»:

Թեմայի այլ նորություններ