25.11.2024

Մամուլի տեսություն. ԱՄՆ-ը ՀՀ ընտրություններին թիրախավորել է երեք քաղաքական ուժի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Ռիչարդ Միլսը «անտարբեր» չէ ոչ միայն «Ելքի» ու «Ազատ դեմոկրատների» նկատմամբ, այլև ՕՐՕ դաշինքի, որը նախընտրական այս փուլում բավականին լուրջ գումարներ է ծախսում, եւ բացի նրանից, որ ղեկավարվում է Սամվել Բաբայանի կողմից, ըստ քաղաքական փորձագետների, այլ անտեսանելի կուրատորներ եւս ունի: Ավելին` Արսինե Խանջյան-Ատոմ Էգոյան-Սերժ Թանկյան «եռամիասնությունը» ևս ուրույն «մատյան գունդ» է ՕՐՕ-ի «հետեւում», որպեսզի անհրաժեշտ հետընտրական զարգացումների դեպքում «առաջ գա» և դրոշակակիր դառնա: Սակայն ՕՐՕ-ի մասով ֆավորիտներին հիասթափություն է պատճառում վերջիններիս համայնքային այցերի ժամանակ ժողովրդի շատ քիչ մասնակցությունը, ինչպես նաեւ «Գելափի» արձանագրած 1,8 տոկոս ռեյտինգը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում տարբեր տեսակետներ են շրջանառվում, թե այս խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար: Այդ գումարի գերակշիռ մասը բնականաբար ստվերային շրջանառություն է լինելու: Խոսքն ինչպես խոստացվող 10-50 հազար դրամ կաշառքի, այդպես էլ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների, գովազդային հոլովակների, հեռուստաեթերի, պաստառների, բուկլետների ծախսերի մասին է: Հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված հիմնական թեկնածուները պատրաստվում են աստղաբաշխական գումարներ ծախսել: Եվ ինչպես նախորդ ընտրություններին Հեղինե Բիշարյանն էր ասում Սամվել Ալեքսանյանի մասին, երկրի հարուստ օլիգարխները բացել են իրենց փողի տոպրակները: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը չհամաձայնեց այս տեղեկության հետ՝ հայտարարելով, թե դա բանահյուսության ժանրից է: «Ամեն ինչ են խոսում, հանիրավի, երբեմն սուտ, բայց միտումնավոր տարբեր բաներ են խոսում: Բայց եթե կան փաստեր, ուղարկեք իրավապահ մարմիններին»,- ասաց նա»:


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում իշխանություններն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին առնչվող մի շարք քայլեր կանեն: Պաշտոնից կազատվեն ոչ միայն նրա բարեկամները, այլ Սեդրակյանն ինքը կզրկվի որոշակի հնարավորություններից: Երեկ հայտնի դարձավ, որ փետրվարին մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել է Մհեր Սեդրակյանի դուստրը: Աստղիկ Սեդրակյանը Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենն էր 2011-ից: Գրեթե միաժամանակ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալի պաշտոնից ազատվել էր նաեւ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Այս ամենը տեղի ունեցավ, երբ վատացան Սերժ Սարգսյանի ու Մհեր Սեդրակյանի հարաբերությունները: Վերջինս որոշել էր համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ ու նրա դաշինքում ընդգրկել նաեւ իր որդուն: Իշխանությունը թույլ չտվեց, որ տեղի ունենա նաեւ այդ համագործակցությունը: Արդյոք հաշվեհարդա՞ր են տեսնում նրանց նկատմամբ: «Չեմ կարծում եւ ես տեղյակ էլ չեմ, որ այդ աղջկան ազատել են: Բայց պետք չէ սխալ մեկնաբանություններ անել, պետք է հասկանալ, թե պատճառը որն է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նաև գլխավորում է ՀՀԿ ցուցակը, բացառում է, որ բանակը ներգրավվելու է նախընտրական այս պրոցեսներին, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ ՊՆ-ից բանակի սպայական անձնակազմին արդեն մարդիկ են այցելում և տեղերում ասում են, թե որ կուսակցության օգտին պետք է քվեարկեն։ Զինվորներին դեռ ոչինչ ասված չէ, բայց շուտով աշխատանք կտանեն նաև զինվորների և նրանց ծնողների ու հարազատների հետ», – գրում է թերթը։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափությամբ` թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն Արարատի մարզը թողել են քարոզարշավի վերջում. ՀՀԿ-ն` մարտի 22-ին, ԲՀԿ-ն՝ մարտի 24-ին, որից հետո կսկսվեն երեւանյան «ֆուրորները»: «Արարատը թողել եք վերջում, որպեսզի ավելի շենշո՞ղ լինի տպավորությունը»։ Մեր հարցին ՀՀԿ-ից պատասխանեցին․ «Ոչ, նախորդ ընտրություններին էլ էր Արարատը վերջում․ ըստ «քարտեզի» ենք այցելում»: Թե՞ ըստ «չորացող վտակների»: Ի դեպ, ՀՀԿ-ում խորը տագնապ կա Արարատի մարզից ոչ միայն իրենց ռեյտինգայինների միսկրծոցիի մասով, այլեւ Արարատի ցեմենտի գործարանի: Բացի այն, որ Արտաշատում լուրջ տոկոսներ է «ուզում» խփել Արգամ Աբրահամյանը, 1100 աշխատող ունեցող «Արարատ ցեմենտի» աշխատակիցներին հանձնարարված է եւս 15 հոգի իրենց հետ քվեարկության բերել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդմ, նա անցած տարվա ընթացքում 6 մլն դրամով վաճառել է «Mercedes Benz S 350» մակնիշի ավտոմեքենան: Իսկ դրամական միջոցները կազմել են 1 մլրդ 3 մլն 412 հազար 550 դրամ եւ 119 հազար 300 դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է 530 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած 1 մլն 80 հազար դրամը, ստացած փոխառությունները, վարկերը՝ մոտ 1 մլն 880 հազար դրամը, 13 հազար 515 դոլարը եւ 1012 եվրոն: Իսկ ահա նրա տնային տնտեսուհի տիկինը՝ Էլվինա Սարգսյանը, հայտարարագրել է, որ ունի մոտ 1 մլն 980 հազար դրամ եւ 388 հազար 865 դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած փոխառությունները՝ 1 մլն 2 հազար դրամ եւ 2065 եվրո»:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ազատ կարձակվի քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2014թ. 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Նա ազատ կարձակվի 2013 թվականի համաներման հետեւանքով պատժաչափը կրճատվելու արդյունքում: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նրա մարտական ընկերներից Գագիկ Սարուխանյանը, ամենայն հավանականությամբ 2017 թվականի մայիսի 25-ին Վոլոդյա Ավետիսյանը կլինի ազատության մեջ: Բացի այդ՝ Սարուխանյանը նաև տեղեկացրեց, որ Վոլոդյա Ավետիսյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին որևէ դեպքում ձայն չտալ իշխող Հանրապետական կուսակցությանը»:

Թեմայի այլ նորություններ