5.11.2026

«63 տարեկան մարդը ծեր չէ»․ կառավարությունը մինչև 2 մլն դրամ կտրամադրի բիզնեսի համար

Հայաստանում 63-72 տարեկան քաղաքացիները հնարավորություն կունենան պետությունից մինչև 2 միլիոն դրամ անհատույց աջակցություն ստանալ սեփական բիզնեսը սկսելու կամ զարգացնելու համար։


Կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հաստատել է ավագ սերնդի գործարար նախաձեռնությունների աջակցության ծրագիրը, որի նպատակն է խրախուսել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների տնտեսական ակտիվությունն ու ինքնազբաղվածությունը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքը չպետք է դիտարկվի որպես տնտեսական գործունեությունն ավարտելու սահման։


«63 տարեկան մարդը ծեր չի։ 64 տարեկան մարդն էլ ծեր չի, 65 տարեկան մարդն էլ ծեր չի, 70 տարեկան մարդն էլ ծեր չի, 72 տարեկան մարդն էլ ծեր չի», – ասել է վարչապետը։


Փաշինյանի խոսքով՝ ավագ սերնդի քաղաքացիներն ունեն մասնագիտական գիտելիքներ, աշխատանքային փորձ և գործարար ներուժ, որը միշտ չէ, որ օգտագործվում է։ Նրա գնահատմամբ՝ կենսաթոշակառուի կարգավիճակի շարունակական շեշտադրումը երբեմն կարող է բացասաբար անդրադառնալ մարդկանց տնտեսական ակտիվության վրա։


«Մենք շատ դեպքերում մարդուն այդ թոշակառու պիտակը կպցնելով, ըստ էության, նպաստում ենք նրանց տնտեսական ապաակտիվացմանը», – հայտարարել է նա։


Վարչապետը չի համաձայնել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանի այն ձևակերպմանը, թե ծրագիրն առաջին հերթին նախատեսված է գործարար հմտություններ չունեցող քաղաքացիների համար։ Փաշինյանի կարծիքով՝ կան նաև մարդիկ, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ ու փորձ, սակայն կորցրել են ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկությունը։


«Մեր խնդիրն էն ա, որ աջակցենք, քաջալերենք մեր նշված խմբի հայրենակիցներին, որ նրանք մարզվեն և դուրս գան մրցասպարեզ», – ասել է Փաշինյանը՝ գործարար դասընթացները համեմատելով մարզիկների նախապատրաստական աշխատանքների հետ։


Կառավարության հաստատած ծրագրով առնվազն 400 քաղաքացի հնարավորություն կունենա անվճար մասնակցելու ձեռնարկատիրական դասընթացների և մշակելու սեփական բիզնես նախագիծը։ Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներից առավելագույնը 200-ը մրցութային ընտրության արդյունքում կստանա մինչև 2 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն։


Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանի խոսքով՝ տրամադրվող գումարը վարկ չէ և վերադարձման ենթակա չի լինի, եթե շահառուն պահպանի ծրագրի պայմանները։ Ֆինանսավորումը կիրականացվի անկանխիկ՝ վճարումները փոխանցելով անմիջապես ապրանքներ մատակարարողներին կամ ծառայություններ մատուցողներին։ Աջակցության ոչ նպատակային օգտագործման կամ պարտավորությունների խախտման դեպքում գումարը պետք է վերադարձվի։


Ծրագրին մասնակցելու համար քաղաքացիները պետք է արդեն զբաղվեն ձեռնարկատիրությամբ կամ ստանձնեն համապատասխան կարգավիճակով գրանցվելու պարտավորություն։ Նախատեսվում է նաև, որ աջակցություն ստացած անձինք առնվազն 12 ամիս պետք է շարունակեն իրենց գործարար գործունեությունը։


Առաջնահերթություն կտրվի սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային և գյուղական բնակավայրերի բնակիչներին։ Ծրագրի ֆինանսական աջակցության ընդհանուր առավելագույն ծավալը կկազմի 400 միլիոն դրամ։


Քննարկման ընթացքում Փաշինյանն առաջարկել է նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի դասընթացների մասնակիցները կարողանան միավորվել և համատեղ գործարար նախագծեր իրականացնել։


Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հայտնել է, որ Հայաստանում ավելի քան 100 հազար կենսաթոշակառու շարունակում է աշխատել որպես վարձու աշխատող։


«Ոչ միայն ծեր չեն, այլև միգուցե շատ երիտասարդներից էլ ավելի առույգ և ակտիվ են մեր շատ ավագ սերնդի քաղաքացիները», – ասել է Թորոսյանը։


Նախարարը կարևորել է նաև աշխատանքի և ֆիզիկական ակտիվության դերը տարեցների առողջության պահպանման գործում։


Քննարկման ավարտին Փաշինյանը նշել է, որ 65 տարեկանից բարձր քաղաքացիների առողջության համընդհանուր ապահովագրությունը ևս կարող է խթանել նրանց տնտեսական ակտիվությունը։ Հետագա փուլերում կառավարությունը նախատեսում է անդրադառնալ նաև 63-65 տարեկանների՝ ապահովագրական համակարգում ընդգրկվելու հարցին։


Հիշեցնենք, որ հունիսի 18-ին կառավարությունը հաստատել էր նաև հաշմանդամություն ունեցող և 63 տարեկանից բարձր անձանց զբաղվածության աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է այդ խմբերի քաղաքացիներին աշխատանքի ընդունող գործատուներին փոխհատուցել վճարված եկամտային հարկի մի մասը։


Նոր նախաձեռնությունը նախատեսվում է իրականացնել փորձնական ձևաչափով, իսկ արդյունքների գնահատումից հետո կառավարությունը կորոշի դրա շարունակության հնարավորությունը։

Թեմայի այլ նորություններ