29.10.2026

«Ընտրակաշառք բաժանողների ձեռքերն ու ոտքերը ջարդելու ենք»․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունները կոշտ պայքար են մղելու ընտրակաշառքի և ընտրողների ձայները վերահսկելու փորձերի դեմ՝ այդպիսի գործունեությամբ զբաղվող անձանց անվանելով իր «դասակարգային թշնամիներ»։ Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը կիրառել է նաև ֆիզիկական հաշվեհարդարի մասին կոշտ ձևակերպումներ՝ միաժամանակ պարզաբանելով, որ դրանք օգտագործում է քաղաքական իմաստով։


Հայտարարությունը հնչել է ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչպիսի ընդդիմություն է ցանկանում տեսնել վարչապետը Հայաստանում, եթե ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիր թեկնածուներն ու նրանց թիմակիցները ձերբակալվում և կալանավորվում են։


«Այո, շատ հստակ՝ ընտրակաշառք պետք է չբաժանեն։ Ընտրակաշառք բաժանողների ձեռներն ու ոտերը ջարդելու ենք, պարզ արտահայտվեմ՝ բառիս քաղաքական իմաստով», – հայտարարել է Փաշինյանը։


Վարչապետի խոսքով՝ Հայաստանում տարիներ շարունակ տարածված է եղել խոսույթ, ըստ որի՝ որոշ անձինք կարող են ապահովել տասնյակ կամ հարյուրավոր ընտրողների ձայներ։ Նա պնդել է, որ այդպիսի մոտեցումն անհամատեղելի է ազատ ընտրությունների սկզբունքի հետ։


«Հայաստանի Հանրապետությունում ամեն մարդ ունի մի ձայն։ Ով որ ունի մի ձայնից ավել, ինքը իմ դասակարգային թշնամին է», – ասել է Փաշինյանը։


Նա հայտարարել է, որ պայքարելու է նման գործելակերպի դեմ՝ օգտագործելով ինչպես իրավապահ, այնպես էլ քաղաքական մեխանիզմները։


«2018 թվականին եղել է ոչ բռնի, թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխություն։ Այս կատեգորիայի նկատմամբ լինելու է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն», – նշել է վարչապետը՝ հավելելով, որ նման երևույթները պետք է «արմատախիլ արվեն»։


Փաշինյանն ընդգծել է, որ ընտրողների ձայները վերահսկելու կամ ընտրակաշառք բաժանելու փորձերի նկատմամբ նույն վերաբերմունքը գործելու է նաև իշխող կուսակցության ներսում։ Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ նման գործունեությամբ զբաղվում են «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, նրանց նկատմամբ քաղաքական վերաբերմունքն ավելի խիստ կլինի։


Վարչապետի հայտարարությունների առիթը հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին նախորդած ձերբակալություններն էին։ Մասնավորապես, Ստեփանավանում ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և այլ անձինք։ Կուսակցությունը իրավապահների գործողությունները որակել է քաղաքական հետապնդում՝ հերքելով ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքները։


Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև էլեկտրոմոբիլների ներկրման հետ կապված ենթադրյալ խարդախություններին։ Լրագրողը հայտնել է քաղաքացիների ահազանգերի մասին, ըստ որոնց՝ որոշ ընկերություններ Չինաստանից ավտոմեքենաներ ներկրելու համար կանխավճարներ են ստացել, սակայն չեն կատարել իրենց պարտավորությունները և անհետացել են։


Վարչապետը նշել է, որ նկարագրված դեպքերը, ըստ էության, խարդախության հնարավոր դրսևորումներ են և անմիջական կապ չունեն էլեկտրոմոբիլների անմաքս ներկրման քվոտաների հետ։


Նրա խոսքով՝ նման դեպքերով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։ Փաշինյանը նաև հորդորել է քաղաքացիներին ավելի զգույշ լինել ֆինանսական գործարքներ կատարելիս, հատկապես երբ խոսքը վերաբերում է անծանոթ անձանց կամ ընկերություններին գումար փոխանցելուն։


Վարչապետը հավելել է, որ եթե քրեական գործերի քննության ընթացքում իրավապահները օրենսդրական բացեր հայտնաբերեն, կարող են դիմել կառավարությանը՝ համապատասխան կարգավորումները փոփոխելու առաջարկությամբ։

Թեմայի այլ նորություններ