29.10.2026

«Ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա»․ Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները՝ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը վերագրելով ընդդիմությանը։


Միաժամանակ նա հայտարարել է, որ դատապարտում է բռնությունը, սակայն իշխանական պատգամավորների արձագանքը համարում է համաչափ և արդարացված։


Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը, անդրադառնալով Ազգային ժողովում նույն օրը տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աջակցում է իր քաղաքական թիմի ներկայացուցիչներին։


«Ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա, ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և իմ աջակցությունն եմ հայտնում նրանց»,- ասել է վարչապետը։


Պատասխանելով միջադեպի ընթացքում կիրառված ֆիզիկական ուժի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը նշել է. «Սեղանո՞վ, թե՞ այլ բանով. դա համաչափ էր և ճիշտ»։ «Դատապարտում եմ բռնությունը, բայց սատարում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն՝ այսօր ձեռնարկված միջոցառումների համար»,- հավելել է նա։


Վարչապետի գնահատմամբ՝ միջադեպի պատճառը ընդդիմադիր պատգամավորների վարքագիծն էր։ Նա պնդել է, որ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը, չնայած հնչած կոչերին, հրաժարվել է ներողություն խնդրել իր արտահայտությունների համար։


«Եթե ինչ-որ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա», – հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում բախումն ակնկալելի էր։


Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև տեղի էր ունեցել ծեծկռտուք։


Լարվածությունն առաջացել էր ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ, երբ վերջինս անդրադարձել էր ընդդիմադիր գործիչներին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ընտանիքի անդամներին։ Դրան հաջորդել էին փոխադարձ վիրավորանքներ, որոնցից հետո պատգամավորների միջև սկսվել էր հրմշտոց՝ վերածվելով ֆիզիկական բախման։ Միջադեպին մասնակցել էին երկու խմբակցությունների ներկայացուցիչներ։


Տարածված տեղեկությունների համաձայն՝ բախման ընթացքում ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը աթոռ էր նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ Հաղորդվել է նաև, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն է հոսել, իսկ Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատռվել է։ Խորհրդարան է ժամանել շտապօգնության մեքենա։ Այս դրվագների բոլոր հանգամանքները դեռ առանձին հաստատման կարիք ունեն։


Նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սկզբում հրաժարվել էր ընդմիջում հայտարարելուց՝ նշելով, որ ցանկանում է, որպեսզի բոլորը տեսնեն դահլիճում տեղի ունեցողը։ Ավելի ուշ, երբ վիճաբանությունը վերածվել էր ֆիզիկական բախման, նա ընդմիջում էր հայտարարել և նիստերի դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին։


Ընդմիջումից հետո պատգամավորների միջև վեճը շարունակվել էր նաև խորհրդարանի միջանցքում։

Թեմայի այլ նորություններ