26.10.2026

ՀԿ-ները պահանջում են հետ կանչել հանքարդյունաբերության օրենսդրական նախագիծը

Հայաստանի քաղաքացիական հասարակության 105 ներկայացուցիչ դեմ է հանդես եկել օրենսդրական փոփոխություններին, որոնց ընդունման դեպքում համայնքների անհամաձայնությունն այլևս ինքնաբերաբար չի խոչընդոտի հանքարդյունաբերական ծրագրերի բնապահպանական փորձաքննության անցկացմանը։


Նախաձեռնության ընդդիմախոսները պնդում են, որ փոփոխությունները կսահմանափակեն համայնքների ազդեցությունը իրենց տարածքում հանքարդյունաբերական գործունեության վերաբերյալ որոշումների կայացման վրա՝ առանցքային լիազորությունները կենտրոնացնելով պետական մարմինների ձեռքում։


Խոսքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ հոկտեմբերի 14-ին հանրային քննարկման ներկայացրած օրենսդրական փաթեթի մասին է, որով առաջարկվում է վերանայել համայնքների ավագանիների նախնական անհամաձայնության իրավական հետևանքները։


«Սույն օրենսդրական փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների մասնակցությունը շրջակա միջավայրին և ընդերքօգտագործման ոլորտներին վերաբերող որոշումների կայացման գործընթացներում դառնում է խիստ սիմվոլիկ և ձևական, իսկ իրական որոշումների կայացումը վերապահվում է լիազոր մարմիններին և գործադիր իշխանությանը»,- ասվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ հայտարարությունում։


Նախագծով առաջարկվում է թույլատրել հանքարդյունաբերական կամ երկրաբանական ուսումնասիրությունների ծրագրերի բնապահպանական փորձաքննության մեկնարկը նաև այն դեպքում, երբ համայնքի ավագանին նախապես դեմ է արտահայտվել նախատեսվող գործունեությանը։ Այդուհանդերձ, ավագանու առարկությունները պետք է ուսումնասիրվեն փորձաքննության ընթացքում, իսկ դրանց հիմնավորվածության վերաբերյալ վերջնական գնահատականը կտա պետական լիազոր մարմինը։


Եթե համայնքի ներկայացրած առարկությունները ճանաչվեն հիմնավոր, փորձաքննությունը պետք է ավարտվի բացասական եզրակացությամբ։ Հակառակ դեպքում, կամ եթե մատնանշված ռիսկերը հնարավոր համարվի կանխել կամ նվազեցնել, պետական մարմինը կարող է դրական եզրակացություն տրամադրել՝ պարտադիր հիմնավորելով իր որոշումը։


Սակայն հայտարարության հեղինակների համոզմամբ՝ այս մեխանիզմը բավարար երաշխիքներ չի ապահովում համայնքների շահերի պաշտպանության համար։ Նրանք ընդգծում են, որ հանքարդյունաբերության հնարավոր բացասական հետևանքներն առաջին հերթին կրում են հենց տեղի բնակիչները՝ բախվելով առողջության, ջրային պաշարների, գյուղատնտեսական հողերի և կենսաբազմազանության համար երկարաժամկետ ռիսկերի։


Ստորագրողները նաև պնդում են, որ առաջարկվող փոփոխությունները կարող են հակասել Հայաստանի միջազգային պարտավորություններին։ Մասնավորապես, նրանք հղում են անում Օրհուսի կոնվենցիայով ամրագրված՝ բնապահպանական որոշումների կայացմանը հանրության մասնակցության իրավունքին, ինչպես նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակին և Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։


Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառությունից հանի նախագիծը, իսկ կառավարությունը ուսումնասիրի դրա մշակման շարժառիթները և պատասխանատու պաշտոնյաների՝ հանքարդյունաբերական բիզնեսի նկատմամբ հնարավոր կողմնակալության վերաբերյալ մտահոգությունները։


Նրանք նաև առաջարկում են Շրջակա միջավայրի նախարարությանը հանրության մասնակցությամբ մշակել նոր կարգավորումներ, որոնք կամրապնդեն համայնքների բնակիչների անմիջական մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացմանը։


Հայտարարությունը ստորագրողների թվում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «ԷկոԼուրի», «Իրազեկ քաղաքացիների միավորման», Երևանի մամուլի ակումբի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր հերթին նախագծի անհրաժեշտությունը հիմնավորում է գործող օրենսդրության բացերով։ Ըստ գերատեսչության՝ հստակ սահմանված չէ, թե ինչպես պետք է շարունակվի բնապահպանական փորձաքննությունը համայնքի ավագանու նախնական անհամաձայնության դեպքում։ Առաջարկվող փոփոխությունները, նախարարության ներկայացմամբ, պետք է ապահովեն ավելի հստակ և կանխատեսելի ընթացակարգ։


Օրենսդրական փաթեթը նախատեսում է նաև պետական բնապահպանական փորձաքննությունից ազատել օգտակար հանածոների պաշարների այն վերագնահատումները, որոնք կատարվում են միայն նախկինում հավաքագրված երկրաբանական տվյալների հիման վրա՝ առանց նոր դաշտային աշխատանքների։


Նախագիծը հրապարակված է e-draft.am հարթակում, իսկ հանրային քննարկումը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 30-ը։ Փոփոխությունները դեռևս ընդունված չեն։

Թեմայի այլ նորություններ