25.06.2026

«2026ի մայիսին մենք ունենք բոլոր ժամանակների առավելագույն աշխատատեղերը». Փաշինյան

Հայաստանի աշխատանքային շուկայում աննախադեպ ակտիվություն է նկատվում. 2026 թվականի գարնանը երկրում գրանցվել է պաշտոնական զբաղվածության բացարձակ ռեկորդ, ինչը միջազգային կառույցներին մղել է բարելավելու մակրոտնտեսական կանխատեսումները:


Կառավարության հերթական նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է վերջին եռամսյակում աշխատատեղերի անընդմեջ աճի մասին։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ մայիսին այդ ցուցանիշը հասել է 823 հազար 584-ի՝ գերազանցելով 2025 թվականի դեկտեմբերին սահմանված նախորդ պատմական առավելագույն շեմը, որը կազմում էր 822 հազար 662 աշխատատեղ։


Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ավանդաբար զբաղվածության պիկը գրանցվում է տարեվերջին, ուստի գարնանային ամսին նման բարձր արդյունքի արձանագրումը տնտեսության համար չափազանց դրական և կարևոր ազդակ է։


«2026 թվականի մայիսին մենք ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը նաև հավելել է, որ միջազգային ֆինանսական կառույցներն արդեն իսկ բարձրացրել են Հայաստանի տնտեսական աճի սպասումները: Այս վերանայումն ուղղակիորեն պայմանավորված է երկրում հաջողությամբ իրականացվող և նախատեսվող խոշոր ներդրումային նախագծերով։


«Մեր տնտեսությունը շարունակում է իր աճի տեմպը։ Իհարկե, որոշակի ազդեցություններ կլինեն, բայց ուրախությամբ արձանագրում եմ, որ միջազգային կառույցները Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները բարձրացրել են»,- հայտարարել է կառավարության ղեկավարը։


Անդրադառնալով ընթացիկ մարտահրավերներին՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել է ի հայտ եկող խնդիրները դիտարկել բացառապես որպես աշխատանքային օրակարգի անբաժանելի մաս, քանի որ կառավարության գլխավոր առաքելությունը բոլոր հարցերն արձանագրելը, դրանց արագ արձագանքելն ու արդյունավետ լուծումներ տալն է։


 

Թեմայի այլ նորություններ