25.06.2026

Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող տասը հազար տեղանոց նոր մարզադաշտ կկառուցվի

Հայաստանը նախապատրաստվում է 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը:


Կառավարությունը հունիսի 25-ի նիստում հաստատել է Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող տասը հազար տեղանոց նոր մարզադաշտի նախագծման մեկնարկը։


Հայաստանի և Վրաստանի կողմից աշխարհի առաջնության համատեղ անցկացման հայտի՝ ՖԻՖԱ-ի կողմից հաստատումից հետո, Երևանն ակտիվացրել է ենթակառուցվածքների զարգացման գործընթացը։ Մրցաշարի ընդունման գլխավոր նախապայմաններից է ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգի մարզադաշտերի առկայությունը։


Ինչպես կառավարության նիստում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Իջևանում հողատարածքի ձեռքբերման աշխատանքներն արդեն ավարտվել են, և պետական բյուջեից շուրջ հարյուր յոթանասունյոթ միլիոն դրամ կհատկացվի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը։


Նախագծման գործընթացը կվստահվի միջազգային «ՎենյուԷրա Հոլդինգ» ընկերությանը, որն ունի Բուդապեշտի, Սաուդյան Արաբիայի և Սանկտ Պետերբուրգի միջազգային խոշոր մարզադաշտերի կառուցման փորձ։ Այս նույն կազմակերպությունն արդեն իսկ ներգրավված է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման ծրագրում։ Ներկայումս բանակցություններ են ընթանում նաև բուն շինարարական փուլը համատեղ իրականացնելու շուրջ։


Ներկայացնելով ենթակառուցվածքային այս խոշոր ծրագրի մանրամասները՝ գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ աշխատանքները սկսվել են վաղօրոք, իսկ Վանաձորի մարզադաշտի նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում։ Խոսելով Իջևանի նոր ալենայի մասին՝ նախարարը նշել է.


«Այս որոշման արդյունքում մենք կկարողանանք հրատապ կարգով մեկնարկել և սահմանված ժամկետներում իրականացնել Իջևանում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով տասը հազար տեղանոց ֆուտբոլի մարզադաշտի կառուցման ծրագիրը՝ երաշխավորելով դրա ավարտը մինչև 2029 թվականի հունվարը»։

Թեմայի այլ նորություններ