4.05.2026

Ընդդիմության կոչը Եվրոպային. չանտեսել ժողովրդավարական նահանջը Հայաստանում

Եվրոպական առաջնորդների երևանյան հավաքին զուգահեռ՝ ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիա են իրականացնում՝ միջազգային հանրությանը կոչ անելով արձագանքել Հայաստանում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, արցախցիների վերադարձի ու գերիների ազատ արձակման հրատապ խնդիրներին։


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք հորդորելու են եվրոպացի պաշտոնյաներին աչք չփակել երկրում հաստատվող «միահեծան բռնապետության» վրա։ Ըստ պատգամավորի՝ այսօր Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք անտրամաբանական և շինծու մեղադրանքներով ազատազրկվում են։ Նա շեշտել է, որ եթե Եվրոպան իրապես Հայաստանի բարեկամն է, ապա չի կարող անտարբեր մնալ այս իրավիճակի նկատմամբ։


Անդրադառնալով քաղաքական դաշտի ընկալումներին՝ Խաչատրյանը մեղադրել է գործող իշխանություններին ընդդիմությանը որպես ռուսական ազդեցության գործակալ ներկայացնելու և ժողովրդավարության ջատագովի կերպարն արհեստականորեն սեփականաշնորհելու մեջ։ Պատգամավորը վստահեցրել է, որ իրենք ևս մշտապես հանդես են եկել Եվրոպայի հետ սերտ հարաբերությունների կառուցման օգտին։


Ցուցարարների օրակարգում են նաև էթնիկ զտման ենթարկված արցախցիների՝ հայրենիք անվտանգ վերադարձի ապահովման և Բաքվում պահվող գերիների ազատ արձակման պահանջները։ Ակցիայի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի Մարզահամերգային համալիր, որի հարակից տարածքում անվտանգության նկատառումներով կենտրոնացվել են ոստիկանական հավելյալ ուժեր։

Թեմայի այլ նորություններ