16.02.2026

Պետությունը գերմանական տեխնոլոգիայով կստուգի բջջային կապի իրական որակը. նախարար

Հայաստանի կառավարությունը վերանայում է հեռահաղորդակցության ոլորտի վերահսկողության մեխանիզմները՝ ներդնելով կապի որակի և ծածկույթի անկախ գնահատման համակարգ։


Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ին հայտարարել է, որ գերմանական Rohde & Schwarz ընկերության նորագույն սարքավորումների կիրառումը թույլ կտա պետությանը ոչ միայն արձանագրել իրական պատկերը, այլև կարգավորող մարմնի միջոցով օպերատորներից պահանջել թերությունների հասցեական շտկում։


Տարեկան արդյունքների ամփոփման ժամանակ նախարարը մանրամասնել է, որ TSMA6 չափիչ սարքի և NESTOR ծրագրային ապահովման միջոցով արդեն իսկ իրականացվել են 4G LTE ցանցի լայնածավալ «drive test» ստուգումներ։ Ստացված տվյալների հիման վրա ձևավորվում է ինտերակտիվ քարտեզ, որն ապրիլին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կներկայացվի Ազգային ժողովին։ Այս նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս բացահայտելու լիցենզիոն պայմանների խախտումները և օպերատորների հետ աշխատելու կոնկրետ խնդիրների վերացման ուղղությամբ։


Թեև ամբողջական զեկույցը դեռ մշակման փուլում է, գերատեսչությունն արդեն հրապարակել է որոշակի ուղղություններով չափումների նախնական արդյունքները։


Ըստ այդ տվյալների՝ հանրապետության տարբեր հատվածներում առաջատարները փոփոխվում են։ Մասնավորապես, Երևան-Մեղրի ռազմավարական ճանապարհահատվածում լավագույն ծածկույթն ապահովել է Viva Armenia-ն (55%), մինչդեռ Ucom-ի և Team Telecom Armenia-ի դեպքում արձանագրվել են ծածկույթից զուրկ զգալի հատվածներ (շուրջ 22-23%): Հյուսիսային՝ Երևան-Սևան-Իջևան ուղղությամբ պատկերն այլ է. այստեղ առաջատարը Ucom-ն է՝ 73% լավ ծածկույթով, որին հաջորդում են Viva-ն (61%) և Team-ը (54%):


Արմավիրի ուղղությամբ բոլոր օպերատորներն ունեն բարձր ցուցանիշներ, սակայն Գորիս-Կոռնիձոր և պետական սահման տանող բարդ հատվածներում կապի որակը նվազում է՝ Team-ի և Viva-ի մոտ կազմելով համապատասխանաբար 47% և 48%, իսկ Ucom-ի մոտ իջնելով մինչև 29%:


 

Թեմայի այլ նորություններ