22.01.2026

«Զվարթնոց»-ի կոնցեսիոն կառավարումը երկարաձգվեց մինչև 2067 թ.․ կներդրվի 425 մլն դոլար

Հայաստանի կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն է տվել «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը, որով նախատեսվում է խոշորածավալ ներդրումային ծրագրի իրականացում հայաստանյան օդանավակայաններում։ Որոշման հիմնական նպատակը Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների արդիականացումն է՝ ուղևորային և բեռնային հոսքերի թողունակությունը մեծացնելու համար։


Ըստ հաստատված փոփոխությունների՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչի դիմաց կառավարիչը պարտավորվել է կատարել շուրջ 425 միլիոն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունի Կապանի «Սյունիք» օդանավակայանի նկատմամբ գործող կոնցեսիոն սահմանափակումների վերացումը, ինչը հնարավորություն կստեղծի տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը վերածել միջազգային չափանիշներին համապատասխանող օդային հանգույցի։


Պայմանագրում ամրագրվել են նաև ֆինանսական կայունության մեխանիզմներ։ Մասնավորապես, եթե կոնցեսիոների կամքից անկախ պատճառներով ուղևորահոսքը երկու տարի անընդմեջ նվազի՝ կազմելով տարեկան 4 միլիոնից պակաս, կառավարությունը պարտավորվում է փոխհատուցել վնասը սակագների ճշգրտման եղանակով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ Միևնույն ժամանակ, սակագների ընթացիկ փոփոխությունները թույլատրվելու են իրականացնել տարին մեկ անգամ։


Պետությունը նաև հստակեցրել է վերահսկողական լծակները․ կոնցեսիոների բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ցանկացած օտարում այսուհետ պետք է նախապես համաձայնեցվի կառավարության հետ։ Սահմանվել է նաև հստակ պահանջ, որ պայմանագրի ավարտին կամ վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանն ու դրա գույքը պետք է պետությանը վերադարձվեն լիարժեք շահագործվող վիճակում։ Փաստաթղթի ստորագրումը վերապահվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Թեմայի այլ նորություններ