Հունվարի 15-ին կայացած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման ընթացքին՝ նշելով, որ թեև այն ծածկում է բժշկական ծառայությունների շուրջ 30 տոկոսը, սակայն դա առավել պահանջարկված հատվածն է։
Գործադիրի ղեկավարը մտահոգություն է հայտնել պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ հետադարձ կապի բացակայության առնչությամբ, ինչի պատճառով ոլորտային խնդիրները հաճախ արձանագրվում են միայն պաշտոնյաների անձնական փորձառության միջոցով։
Քննարկման առիթ է դարձել փոխվարչապետի արձանագրած դեպքը, երբ ապահովագրական եղանակով դեղորայք ձեռք բերելիս քաղաքացիները բախվում են բյուրոկրատական քաշքշուկների և թղթաբանության հետ։ Խնդիրը համակարգային մակարդակով լուծելու նպատակով վարչապետը հանձնարարել է չսահմանափակվել սոցիալական ցանցերի մշտադիտարկմամբ և անցնել գործնական քայլերի՝ ձևավորելով կամավորների հատուկ խմբեր։
Այս խմբերը պետք է պատահականության սկզբունքով այցելեն դեղատներ և բուժհաստատություններ՝ տեղում գնահատելու ծառայությունների որակն ու ընթացակարգերի պարզությունը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է գործընթացն իրականացնել «գաղտնի գնորդ» (mystery shopper) հետազոտական մեխանիզմի միջոցով։ Առողջապահության նախարարությունը հանձն առավ սեղմ ժամկետներում կազմակերպել գործընթացը՝ նպատակ ունենալով վեր հանել և վերացնել քաղաքացիների սպասարկմանը խոչընդոտող արհեստական բարդությունները։