25.11.2025

Արման Եղոյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:


Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումների ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը: Այս գործընթացում կարեւորվել է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունը:


Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակին: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում էլ ընդգծվել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նշանակությունը:

Թեմայի այլ նորություններ