10.11.2025

«Արեգա» բարձունքի գործով դատը. գեներալ Արզումանյանը պնդում է, որ անմեղ է

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, շարունակվում է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստը։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նիստից էական ակնկալիքներ չունի, քանի որ այն ընթանալու է սովորական հունով, նախատեսված է վկաների հարցաքննություն։


Պաշտպանը հիշեցրեց, որ գեներալ Արզումանյանի խափանման միջոցը փոխվել է նախորդ դատական նիստի ընթացքում։ Երկարատև կալանքից հետո նա ազատ է արձակվել տնային կալանքի և գրավի դիմաց։ Սարգսյանը պարզաբանեց, որ տնային կալանքը սահմանվել է երեք ամիս ժամկետով, և դրա երկարաձգման հարցը կքննարկվի միայն այդ ժամկետը լրանալուց հետո։


Երեմ Սարգսյանը վերահաստատեց, որ իր պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքները կտրականապես չի ընդունում՝ պնդելով, որ որևէ հանցանք կամ անօրինական գործողություն չի կատարել։ «Մենք դատարանում փորձում ենք հիմնավորել, որ մեղադրանքներն անհիմն են», - ընդգծեց փաստաբանը։


Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվել էր 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նա մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանազանցության մեջ, որն, ըստ մեղադրանքի, անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել։ Ըստ գործի նյութերի՝ նա, չունենալով համապատասխան լիազորություն, հրամայել է նահանջել «Արեգա» բարձունքից, ինչի հետևանքով այն և հարակից դիրքերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Թեմայի այլ նորություններ