14.10.2025

Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» ֆրանկոֆոն փառատոնը

Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը:


Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։


Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կհամախմբի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին, որոնք կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։


Ծրագրում նախատեսված է նաև ֆրանկոֆոն երեք դրամատուրգների՝ Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների հայերեն ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների ներկայությամբ։


Փառատոնին կմասնակցի նաև շվեյցարական La Temeraria թատերական ընկերությունը, որը մասնագիտացած է հոսպիտալացված երեխաների համար ծաղրածուների ներկայացումներ կազմակերպելու գործում։


Կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։


Փառատոնը կազմակերպում են ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը և «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։


Փառատոնի ծրագիրը


Հոկտեմբերի 22, 17։00
Հանդիպում ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնի հետ
Կապան, Թումո
Մուտքն ազատ է:


Հոկտեմբերի 25, 14։00
Նատալի Ֆիլիոնի վարպետության դասը
Կապանի ֆրանկոֆոն կենտրոն
Մուտքն ազատ է:


Հոկտեմբերի 27, 16։00
«Ծիածան» մանկական ներկայացում (Cie La Temeraria, Շվեյցարիա)
Գորիսի մշակույթի տուն
Մուտքն ազատ է:


Հոկտեմբերի 28, 19։00
«Դեմքեր» համատեղ ստեղծագործության թատերականացված ընթերցում (Նատալի Ֆիլիոն, Անուշ Ասլիբեկյան, Անի Առաքելյան)
Կապանի դրամատիկական թատրոն
Մուտքն ազատ է:


Հոկտեմբերի 30, 14։00-19։00
Գրել թատրոնի համար. դրամատուրգիական ռեզիդենցիա Ժընըվիև Դամասի հետ (Բելգիա)
Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոն
Մասնակցությունը՝ գրանցումով:


Հոկտեմբերի 30, 14։00
Մամլո ասուլիս


Հոկտեմբերի 30, 19։00
Հանդիպում Մուրադ Մեզուկիի և Կադեր Ատուի հետ (Ֆրանսիա)
Երևան, Թումո
Մուտքն ազատ է:


Հոկտեմբերի 31, 10։00-14։00
Գրել թատրոնի համար. դրամատուրգիական ռեզիդենցիա Ժընըվիև Դամասի հետ (Բելգիա)
Գավառի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոն
Մասնակցությունը՝ գրանցումով:


Հոկտեմբերի 31, 12։30
«Ծիածան» մանկական ներկայացումը ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի երեխաների համար (Cie La Temeraria, Շվեյցարիա) Մուտքը՝ միայն բուժառուների համար:


Հոկտեմբերի 31, 19։00
Փառատոնի բացման արարողություն․ Մուրադ Մերզուկիի «Պիկսել» պարային ներկայացումը
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Մուտքը՝ տոմսով։


Նոյեմբերի 1, 12։00-14։00
Վարպետության դաս 12-16 տարեկան հիփ-հոփ պարողների համար (Accrorap պարային ընկերություն, Ֆրանսիա)
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Մասնակցությունը` գրանցումով:


Նոյեմբերի 1, 16։00
Tentatives d’approches d’un point de suspension - Opening/contrepoint. Պերֆորմանս (Յոան Բուրժուա, Ֆրանսիա)
Հայաստանի ազգային պատկերասրահ
Մուտքը՝ հրավիրատոմսերով:


Նոյեմբերի 1, 20։00
Նատալի Ֆիլիոնի, Ժընըվիև Դամասի և Աստրիդ Բայիհայի պիեսների ժողովածուի շնորհանդեսը՝ հեղինակների մասնակցությամբ և ստեղծագործությունների թատերականացված ընթերցանություն՝ Համազգային թատրոնի դերասանների մասնակցությամբ
Երևան, Աբովյան փողոցի «Զանգակ» գրատուն
Մուտքն ազատ է:


Նոյեմբերի 2, 12։00
Կարմիր քթի արկածները. Աշխատարան 3-5 տարեկան երեխաների համար (Cie La Temeraria, Շվեյցարիա)
Երևան, «Լոֆթ» կենտրոն
Մասնակցությունը՝ գրանցումով:


Նոյեմբերի 3, 14։00
Մուրադ Մերզուկիի և Կադեր Ատուի աշխատարանը (Ֆրանսիա)
Երևանի պարարվեստի պետական ուսումնարան
Մուտքը՝ ուսանողների համար:


Նոյեմբերի 3, 19։00
«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողություն
«Tentatives d’approches d’un point de suspension» - Opening /contrepoint. Պերֆորմանս (Յոան Բուրժուա, Ֆրանսիա) և «PRELUDE» բացօթյա պարային ներկայացում (Կադեր Ատու, Ֆրանսիա)

Թեմայի այլ նորություններ