13.09.2025

Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը։


Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև անդամ երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին և այդ ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքներին: Քննարկվել են առկա հնարավորությունները:


Որպես տարածաշրջանում խաղաղության ապահովման ճանապարհին գրանցված կարևորագույն իրադարձություն նախարար Միրզոյանը նշել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ներկաներին տեղեկացնելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող քննարկումների մասին:


Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է աշխարհում դինամիկ զարգացող պայմաններում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ու դիմակայունության ամրապնդման, Հարավային Կովկասում կայունության, ինչպես նաև տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման ՀՀ տեսլականը:


ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՆԱՏՕ դեսպաններին հետաքրքրող հարցերին:


Մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների շուրջ: