Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ՝ Հայաստանի Հանրապետության դեմ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություն ընդունելու նպատակով: Այս մասին ԱԺ-ում հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«ԱԺ աշխատակազմ արդեն ստացել է ստորագրությունները: Քիչ անց կկայանա ԱԺ խորհրդի նիստ, որից հետո՝ ժամը 17:00-ին, կմեկնարկի արտահերթ նիստը»,- նշել է նա:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քննարկումներին, քանի որ, նրա կարծիքով, ներկայացվածը «ուղղորդում է և միջամտում է իրավապահ մարմինների աշխատանքին»:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտնել է, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի արտահերթ նիստին՝ պատճառաբանելով, որ «իշխանության կողմից կազմակերպված քարոզչական ներկայացումներին» չեն միանում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, ասել է, որ «Հայաստան» խմբակցությունը, հավանաբար, չի մասնակցում, քանի որ «ներգրավված է եղել այդ ամենի կազմակերպման մեջ»:
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ՝ «Բռնության միջոցով պետական իշխանությունը զավթելու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին»: