3.07.2025

Սահմանադրության շուրջ քննարկումները կանցկացվեն մոտակա շաբաթներին. նախարար

Հայաստանի կառավարությունը վերջնականացնում է նոր Սահմանադրության գաղափարական դրույթները։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կկայանան հիմնական քննարկումները, որից հետո կսկսվի փաստաթղթի մշակման վերջին փուլը։


Հուլիսի 3-ի կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության մշակման աշխատանքները հասել են գաղափարական դրույթների հստակեցման փուլին։ Գալիք երկու շաբաթների ընթացքում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները կքննարկեն ու կընդունեն հիմնադրույթների համաձայնեցված տարբերակը, որի հիման վրա էլ կձևավորվի վերջնական տեքստը։


Գալյանի խոսքով՝ որոշ դրույթներ արդեն ձևավորված են, սակայն կան հարցեր, որոնց շուրջ հստակություն դեռ չկա։ Նախարարը հրաժարվեց նշել, թե նախագծի ինչ մասն է մշակված, շեշտելով՝ քննարկումների արդյունքում դեռ հնարավոր են լուրջ փոփոխություններ։


Հատուկ ուշադրության արժանացած հարցերից մեկն էլ վերաբերում է Սահմանադրության նախաբանը՝ մասնավորապես՝ արդյոք այն պետք է շարունակի հղում անել Հայաստանի Անկախության հռչակագրին։ Թեման քաղաքական է՝ հաշվի առնելով, որ Բաքուն պնդում է՝ այդ հղումը ենթադրում է տարածքային հավակնություն Ադրբեջանի նկատմամբ։ Հռչակագիրը, իր հերթին, հղում է անում Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին, ինչը պաշտոնական Բաքվի գնահատմամբ հակասում է խաղաղության պայմանագրի տրամաբանությանը։


Չնայած որ դեռ 2018-ի հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, գործնական քայլեր ձեռնարկվեցին միայն 2019-ի հունիսին՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորմամբ։ Սկզբնական շրջանում աշխատանքները կենտրոնացած էին դատական համակարգի և կառավարման մոդելի փոփոխության վրա, սակայն վերջին ամիսներին գործընթացը ստացել է նոր քաղաքական իմաստ՝ Բաքվից հնչող ճնշումների և խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին։


 

Թեմայի այլ նորություններ