17.06.2025

Աննա Հակոբյանի նախաձեռնության ծախսերը պետական գաղտնիք են ճանաչվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում․ դրանք համարվում են պետական գաղտնիք։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հիմնվելով վարչապետի աշխատակազմի պաշտոնական գրավոր պատասխանի վրա։


Ըստ պատասխանի՝ միջոցառումների կազմակերպման ծախսերը կատարվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի շրջանակում, և դրանք ընդգրկվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ Հետևաբար՝ տվյալ տեղեկատվությունը հասանելի չէ հանրությանը։


Կառավարությունից հավելել են, որ բյուջեից ֆինանսավորվում են բացառապես այն միջոցառումները, որոնց մասնակցում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Հիշեցնենք, որ շուրջ տասը օր առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հաստատել էր, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությունը մասամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Այս հանգամանքը տարակուսանք է առաջացրել, քանի որ նախաձեռնությունն իրականում հանդիսանում է նրա հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերից մեկը։

Թեմայի այլ նորություններ