17.05.2025

Քննարկվում է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:


Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ռազմավարական բարեփոխումները:


Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործման, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և բարեվարք քրեակատարողական ծառայողներ ունենալու ուղղությամբ: Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: 


Նիլակշի Սահա Սինհայը հաջողություն է մաղթել նախարարին՝ նշված ոլորտներում աշխատանքներն իրականացնելու համար: Դեսպանը ներկայացրել է Հնդկաստանի հաջողված փորձը արդարադատության ոլորտում թվային, ներառյալ արհեստական բանականության գործիքների ներդրման հարցում, այս համատեքստում քննարկվել է հայ-հնդկական հնարավոր համագործակցությունը:


Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներին առնչվող հարցերը: Կողմերը պայմանավորվել են առավել խորացնելու երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցությունն Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում:


 

Թեմայի այլ նորություններ