29.04.2025

ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի դանդաղում՝ մինչև 4.5 տոկոս 2025 թվականին

Հայաստանի տնտեսությունը կպահպանի բարձր աճի տեմպերը մոտ ապագայում, սակայն 2025 թվականին իրական ՀՆԱ-ի աճը կվերադառնա իր ներուժին՝ հասնելով 4.5 տոկոսի։ Այս մասին նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի Իվա Պետրովայի գլխավորած թիմի հայտարարության մեջ՝ 2024 թվականի մարտի 31-ից ապրիլի 10-ը Հայաստան կատարած այցի արդյունքում։


ԱՄՀ-ի գնահատմամբ՝ Հայաստանում գնաճը կշարունակի մնալ Կենտրոնական բանկի թիրախի շուրջ մինչև 2025 թվականի վերջը։ Միևնույն ժամանակ, հիմնադրամը նախազգուշացնում է հնարավոր ռիսկերից, որոնք կապված են գլոբալ առևտրային լարվածության և հիմնական գործընկերների տնտեսական դանդաղեցման հետ։ Տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխությունները, կապիտալի հոսքերի և արտարժույթի տատանումների փոփոխությունները նույնպես կարող են ազդել հեռանկարի վրա։


2024 թվականին Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է 5.9 տոկոսի իրական աճ՝ պայմանավորված սպառման և ներդրումների ակտիվությամբ։ Աշխատաշուկան պահպանել է կայունություն, իսկ գնաճը 2025 թվականի մարտին կազմել է 3.3 տոկոս՝ տարեկան կտրվածքով։ Ընթացիկ հաշվի պակասուրդը հասել է ՀՆԱ-ի 3.9 տոկոսի՝ առևտրի, զբոսաշրջության և տրանսֆերտների թուլացման պատճառով։ 2024 թվականին բյուջետային դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 3.7 տոկոս, իսկ կառավարության պարտքը մնացել է չափավոր՝ 48.3 տոկոսի մակարդակում։


ԱՄՀ-ի հաղորդմամբ՝ Հայաստանի բանկային համակարգը պահպանել է բարձր շահութաբերություն և ունի կապիտալի և իրացվելիության բավարար բուֆերներ։


2025 թվականի համար Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումները տարբեր են. կառավարության կանխատեսմամբ՝ աճը կկազմի 5.1 տոկոս, Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 4.8–7 տոկոս, ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ՝ 5.5 տոկոս, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 5 տոկոս, Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ 6 տոկոս, Fitch Ratings-ի կանխատեսմամբ՝ 4.9 տոկոս, իսկ ՄԱԿ-ի կանխատեսմամբ՝ 5.2 տոկոս։

Թեմայի այլ նորություններ