Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում: Բարձր ենք գնահատում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Լիտվայի շարունակական ջանքերը: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա գարնանը Լիտվա կատարած այցի շրջանակներում կայացած մեր հանդիպումը և կառուցողական երկխոսությունը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-լիտվական օրակարգը կհարստացնենք նոր նախաձեռնություններով և ծրագրերով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: