10.09.2026

Եվրախորհրդարանը կքվեարկի ԵՄ արտահանման շուրջ 80%-ի ազատականացման հարցով

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ի կեսօրից հետո քվեարկություն կանցկացնի հայկական ապրանքների համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների մասին օրինագծի շուրջ։ Փաստաթուղթը ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր չեղարկում է նախատեսում ԵՄ-ում հայկական արտահանման մոտ 80%-ի համար։


Հարցն ընդգրկված է Եվրոխորհրդարանի լիագումար նստաշրջանի օրակարգում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-17-ը Ստրասբուրգում։ Խոսքը «Հայաստանից ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումների մասին» (2026/0189(COD)) օրինագծի մասին է։


ԵՄ Խորհուրդը սեպտեմբերի 2-ին առանց փոփոխությունների հավանություն է տվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ դրանով իսկ ճանապարհ բացելով Եվրախորհրդարանի կողմից դրա արագ վերջնական ընդունման համար։


Առաջարկվող միջոցները նախատեսում են հայկական ապրանքների լայն տեսականու ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր կասեցում։ Ընդ որում, առանձին գյուղատնտեսական ապրանքների համար կգործեն սակագնային քվոտաներ, իսկ արտոնյալ ռեժիմը կուղեկցվի եվրոպական շուկայի համար պաշտպանական մեխանիզմներով։


Եվրախորհրդարանի դիրքորոշման ձևական հաստատումից հետո ԵՄ Խորհուրդը պետք է վերջնականապես վավերացնի կանոնակարգը։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակման հաջորդ օրը և կկիրառվի երկու տարի ժամկետով։


ԵՄ Խորհրդում ընդգծել են, որ ռուսական առևտրային սահմանափակումների ֆոնին ԵՄ նոր քայլերն ուղղված են հայկական տնտեսության աջակցությանը, քանի որ ՌԴ սահմանափակումները հարվածել էին հայկական արտահանմանն ու տարանցմանը։


Ըստ առաջարկի՝ արտոնյալ ռեժիմը կգործի Հայաստանի կողմից մի շարք պայմանների պահպանման դեպքում, ներառյալ՝ ապրանքների ծագման կանոնները, ԵՄ-ի հետ վարչական համագործակցությունը, Եվրամիությունից ներմուծման նոր սահմանափակումների բացառումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) առանցքային դրույթների պահպանումը։


 


 

Թեմայի այլ նորություններ