21.07.2026

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք: Հայտնում են կոմիտեից։


Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականին հիշյալ պաշտոնյան նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3,12 հա մակերեսով հողամասից առանձնացնել դրա մի մասը և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ այն օտարել Վանաձոր քաղաքի բնակչին: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հիշյալ պաշտոնատար անձը փոխել է նշված անշարժ գույքից առանձնացված տարբեր մակերեսներով հողամասների գործառնական նշանակությունը և դրանց տրամադրել հասցեներ՝ այդ կերպ նշված հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ստեղծելով արհեստական հիմքեր:


Այնուհետև, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու եղանակով, նույն պաշտոնյան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հողամասերն առանց ավագանու որոշման, ուղղակի վաճառքի եղանակով օտարել է Վանաձոր քաղաքի բնակչին, որի հետևանքով համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող՝ 24.890.000 դրամ շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից:


Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:


 

Թեմայի այլ նորություններ