17.07.2026

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի Ռոբերտ Քոչարյանից

«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ նախընտրական ցուցակի հերթական համարների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա Խամոյանը` պատասխանելով հարցին` արդյոք այս պահին արդեն հայտնի է, թե դաշինքն ինչ կազմով է գնալու Ազգային ժողով։


«Մանդատները կվերցնենք ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2–րդ նախագահից»,– ասաց Խամոյանը։


9–րդ գումարման ԱԺ–ում դաշինքն ունի 12 տեղ, և քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը, ապա ցուցակի հերթական համարով պատգամավոր կդառնա Մեսրոպ Մանուկյանը (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ)։


Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի` ԱԺ կգնան`


1.Իշխան Սաղաթելյանը,
2.Աննա Գրիգորյանը,
3.Սևակ Խաչատրյանը,
4.Արթուր Խաչատրյանը
5.Քրիստինե Վարդանյանը,
6.Աղվան Վարդանյանը
7.Գեղամ Մանուկյանը,
8.Ագնեսա Խամոյանը,
9.Լևոն Քոչարյանը,
10.Արթուր Սարգսյանը,
11.Լիլիթ Գալստյանը,
12.Մեսրոպ Մանուկյանը։


Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։


Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։


Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:


Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։


 


 

Թեմայի այլ նորություններ