16.07.2026

ԺԱՏԿ կոչ է անում պատժամիջոցներ կիրառել արցախցիների դեմ ատելություն քարոզողների նկատմամբ

 


Հուլիսի 15-ին Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը (ԺԱՏԿ) նամակ է հղել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների, Շենգենյան գոտու այլ երկրների, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին՝ կոչ անելով թիրախային պատժամիջոցներ, այդ թվում՝ վիզային սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր համակարգված կերպով ատելության խոսք են տարածել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների դեմ։


Նամակում նշվում է հինգ անձի մասին՝ Ռոման Բաղդասարյան, Արամ Ավետիսյան, Անիտա Հարությունյան, Թաթուլ Ասիլյան և Արա Ներսիսյանը, որոնց հանրային հայտարարությունները և առցանց գործունեությունը ներառել են մարդատյաց հռետորաբանություն, կոլեկտիվ պիտակավորում և փախստականների սոցիալական մեկուսացման կոչեր։


ԺԱՏԿ-ն նշում է, որ այս անձինք ընտրվել են արձանագրված դեպքերի ավելի լայն շրջանակից՝ հաշվի առնելով նրանց հռետորաբանության առանձնապես ծայրահեղ բնույթը, հանրային լսարանի մեծությունը և այն դերը, որ նրանք ունեցել են բռնի տեղահանված բնակչության նկատմամբ թշնամանքի սրման գործում։


Նամակում փաստարկվում է, որ հաշվի առնելով ներպետական կառույցների շարունակական անգործությունը և ձախողումը պատասխանատվություն ապահովելու հարցում՝ միջազգային գործընկերների կողմից թիրախային միջոցների կիրառումը կօգնի կանխել ատելության և խտրականության տարածումը։ Նամակը ներառում է նաև հղումներ ԺԱՏԿ-ի 2026 թվականի մարտ-հունիս ամիսների ամենամսյա զեկույցներին։


ԺԱՏԿ-ն շարունակելու արցախցի փախստականների իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ներառման համար իր աշխատանքը։


 


 

Թեմայի այլ նորություններ