9.07.2026

«Արարատցեմենտում» շուտով պետական կառավարիչ կնշանակվի. Փաշինյան

««Արարատցեմենտի» շուրջ ընթացող գործընթացի շրջանակում շատ շուտով ընկերությունում կնշանակվի պետական կառավարիչ»,- ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակից տուժում են այն քաղաքացիները, որոնք աշխատում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում և ներկայում հարկադիր պարապուրդի մեջ են հայտնվել։


Վարչապետի խոսքով՝ պետությունը պարտավոր է իրականացնել բոլոր անհրաժեշտ գործընթացները՝ պետական շահերը պաշտպանելու և, այդ թվում, ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնելու համար։


Միաժամանակ Փաշինյանը վստահեցրեց, որ իշխանությունները կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ հնարավորինս պաշտպանելու «Արարատցեմենտի» աշխատակիցների իրավունքներն ու չանտեսելու նրանց շահերը։


Դիմելով գործարանի աշխատակիցներին՝ վարչապետը հորդորեց չներգրավվել որևէ գործողության մեջ, ապա որպես օրինակ հիշեցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) դեպքերը։


«Ես Կապանում զգուշացրել էի, որ այն մարդիկ, ովքեր պատվերով գործողություններ են իրականացնում, ազատվելու են աշխատանքից։ Հունիսին դա ասացի, և արդեն օգոստոսին այդ մարդիկ բոլորն ազատված էին աշխատանքից։ Նրանցից մի մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, մի մասը դատապարտվել է, իսկ մյուսները հիմա դիմում են՝ աշխատանքում վերականգնվելու համար։ Ես ասում եմ՝ ոչ, որովհետև կանոնները նախապես հստակ ներկայացվել էին։


Նույնը խնդրում եմ «Արարատցեմենտի» աշխատակիցներին՝ չմտնել այդ ճանապարհի վրա։ Նրանք, ովքեր նման գործողություններ կկատարեն կամ ճնշում կգործադրեն մարդկանց վրա՝ նրանց դրդելով որոշակի գործողությունների, ազատվելու են աշխատանքից։


Այո՛, ըստ էության, սպառնում եմ»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


 


 

Թեմայի այլ նորություններ