ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի ցանկությունը` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը պահպանելով Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ։
Sputnik ռադիոկայանի եթերում նա այդ իրավիճակը համեմատել է ուղևորի հետ, որը մեկ չվերթի գրանցվելուց հետո հանկարծ հայտարարում է, որ մտադիր է թռչել բոլորովին այլ ուղղությամբ։
«Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, կապակցված չվերթ։ Ուղևորներն անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ զննում, սահմանային և մաքսային ստուգում։ Եվ ահա հայտարարվում է նստեցում, իսկ ուղևորներից մեկն ասում է. գիտե՞ք` ինձ ոչ թե Բ կետն է պետք, այլ, հավանաբար, Գ կետին ավելի մոտ», ասել է Զախարովան։
Նրա կարծիքով` խոսքն արդեն ոչ թե «երկու աթոռի վրա նստելու» փորձի մասին է, այլ միմյանց բացառող ինտեգրացիոն ուղղությունները համատեղելու ցանկության։
Զախարովան ընդգծել է, որ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխությունը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է, սակայն դրա համար կոնկրետ ընթացակարգեր և մեխանիզմներ գոյություն ունեն։
«Եթե ցանկանում ես Բ կետով հասնել Գ կետ, դա հնարավոր է՝ դա կոչվում է տարանցում։ Բայց դա իր տրամաբանությունն ունի։ Երբ գրանցվում ես Բ կետի համար, ժամանում ես այնտեղ, հրաժեշտ տալիս բոլորին և շարժվում առաջ։ Դա բաց ընտրություն է։ Եթե ցանկանում ես փոխել ընտրությունդ, խնդրեմ, դրա համար քաղաքակիրթ ճանապարհ կա», – պարզաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։