15.05.2026

Հրազդանի նախկին քաղաքապետը մեղադրվում է հողերն օրենքի խախտմամբ օտարելու մեջ

 


Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը մեղադրվում է համայնքային հողերը տարիներ շարունակ օրենքի խախտմամբ՝ շուկայականից անհամեմատ ցածր արժեքով օտարելու մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը՝ տարածելով Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը։


Ըստ մեղադրանքի՝ 2002-2018թթ․ Արամ Դանիելյանը, զբաղեցնելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքում գտնվող 12 հողամասերն առանց էական սակարկությունների և էականորեն ցածր գներով օտարել է իր հետ փոխկապակցված անձանց, ընտանիքի անդամներին։


Հողամասերից ամենամեծը՝ 2000 քառակուսի մետր մակերեսով, վաճառվել է 3 մլն դրամով, սակայն տվյալ պահին նշված հողամասի շուկայական արժեքը եղել է 8,5 միլիոն դրամ։


Ըստ դատախազության՝ այս գործունեության հետևանքով համայնքին պատճառվել է 26մլն դրամի վնաս։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև Արամ Դանիելյանի կնոջը, երկու եղբայրներին, նաև Հրազդանի համայնքապետարանի տարածքային զարգացման, հողային կադաստրի և քաղաքաշինության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանին, ևս մեկ աշխատակցուհու։


Արամ Դանիելյանն ու Մյասնիկ Կոստանյանը մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքներ կատարելու համար, իսկ Դանիելյանի կինը, եղբայրներն ու համայնքապետարանի աշխատակցուհին՝ հանցանքների օժանդակելու համար։


6 մեղադրյալներն էլ ներկայացված մեղադրանքը չեն ընդունում, հրաժարվել են ցուցմունք տալ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։


Վարույթն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է։


Հիշեցնենք, որ Դանիելյանին ձերբակալել էին 2019-ի փետրվարի 26-ին` պաշտոնավարման տարիներին՝ 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու կասկածանքով։


Դանիելյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռ 2018–ի սեպտեմբերին։


Նույն տարվա մարտի 1-ին հայտնի դարձավ, որ նրան ազատ են արձակել, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը։


2022թ․ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու համար։ Բռնագանձման պահանջը ներառում էր 11 անշարժ գույք, 2 ՍՊԸ-ներում մասնակցություն, ավելի քան 156,6 մլն դրամ։


 


 

Թեմայի այլ նորություններ