2.04.2026

Հակադարձ հիփոթեք և գույքի պաշտպանություն. նոր օրենքներ թոշակառուների համար

Հայաստանը ներդնում է նոր իրավական մեխանիզմներ՝ ուղղված տարեց քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը և գույքային իրավունքների պաշտպանությանը։ Կառավարությունը հավանություն է տվել հակադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտների վերաբերյալ նախագծերին, որոնք թույլ կտան թոշակառուներին լրացուցիչ եկամուտ ստանալ իրենց անշարժ գույքից և կերաշխավորեն անվտանգ կեցություն սեփական հարկի տակ։


Ապրիլի 2-ի կառավարության նիստում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է նոր օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը։ Միջազգային պրակտիկայում, մասնավորապես ԱՄՆ-ում հաջողությամբ կիրառվող հակադարձ հիփոթեքի համակարգը կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին հնարավորություն կտա կայուն եկամուտ ստանալ իրենց պատկանող անշարժ գույքի դիմաց։ Բանկի հետ պայմանագիր կնքելով՝ թոշակառուները կկարողանան ստանալ ամենամսյա վճարումներ, որոնք կդառնան կենսաթոշակի ծանրակշիռ հավելում։


Ընդ որում, քաղաքացիները կպահպանեն սեփականության իրավունքն ու իրենց տանը ցմահ բնակվելու հնարավորությունը՝ առանց այն վաճառելու և տեղափոխվելու անհրաժեշտության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ երկու ամուսինների մահվանից հետո նրանց ժառանգները հնարավորություն կունենան բանկից ետ գնել տվյալ անշարժ գույքը։


Երկրորդ նախաձեռնությունը վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտի ներդրմանը։ Ներկայումս ամուսիններից մեկի մահվան դեպքում համատեղ ձեռք բերված անշարժ գույքի նրա բաժինն անմիջապես բացվում է ժառանգության համար, ինչի հետևանքով ժառանգորդները դառնում են համասեփականատերեր՝ հաճախ կենցաղային դժվարություններ ստեղծելով կենդանի մնացած ամուսնու համար:


Նոր կարգավորումը զույգերին թույլ է տալիս նախապես ընտրել այնպիսի իրավական կարգավիճակ, որի պայմաններում ամուսիններից մեկի մահվան դեպքում տան ամբողջական սեփականության իրավունքը միանձնյա անցնում է կենդանի մնացածին: Ժառանգության գործընթացը կսկսվի միայն երկրորդ ամուսնու մահից հետո, ինչը տարեց մարդկանց համար կապահովի հանգիստ և անվտանգ ապրուստ իրենց իսկ բնակարանում:

Թեմայի այլ նորություններ