24.03.2026

Փաշինյանի օրոք ՌԴ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի կախվածությունը բազմապատկվել է

Փաշինյանի օրոք Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից բազմապատկվել է։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։


Հեռախոսազրույցի, Փաշինյանի ու Պուտինի քննարկումների մասին հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է, որ, ըստ ամենայնի, քննարկվել է երկաթուղու վերականգնման հարցը (խմբ.՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում): Խորհրդարանականի տվյալներով՝ քննարկվում է ինչ-որ ղազախական ընկերության կողմից կոնցեսիոն կառավարման հարցը:


Մեկնաբանելով իշխող ուժի ներկայացուցիչների ակնհայտ հակառուսական հայտարարությունները՝ Դանիելյանն արձանագրել է, որ Փաշինյանի օրոք Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից բազմապատկվել է՝ չնայած դիվերսիֆիկացման վերաբերյալ հավաստիացումներին։ «Ո՞րն է այլընտրանքը, եթե հրաժարվեն։ Ամբողջ աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը փոխկապակցված են։ Տնտեսական կախվածությունը հանգեցնում է քաղաքական կախվածության։ Ինքներդ նայեք թվերին»,- նշել է պատգամավորը։

Թեմայի այլ նորություններ